Աշխարհ

«Ադրբեջանին պետք է վերադարձվեր 5 շրջան, ԼՂ-ն անկախություն ստանար»․ Ալիևը` ԼՂ վերաբերյալ մերժած առաջարկի մասին

«Ադրբեջանին պետք է վերադարձվեր 5 շրջան, ԼՂ-ն անկախություն ստանար»․ Ալիևը` ԼՂ վերաբերյալ մերժած առաջարկի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչինի) շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ շուրջ լույս նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը դարձել է Հայաստանի կողմից կապիտուլյացիայի ճանաչում և հնարավորություն է տվել Բաքվին վերադարձնել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջանները, գրում է minval.az-ը:

«Բանակցությունների ժամանակ նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները։ Դա բանակցություններում պայմանավորվածության բացակայության հիմնական պատճառն էր։

Ցավոք, Հայաստանն ու նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին նրան, որ Ադրբեջանին վերադարձվի 5 շրջան, Ադրբեջանը բավարարվեր դրանով, Լեռնային Ղարաբաղը որևէ մի ժամանակահատվածում անկախություն ստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ»,- հայտարարել է Ալիևը` հավելելով, որ մերժել է այդ առաջարկը։

ilham aliev

Այսպիսով, հերթական անգամ Ալիևը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության ներկայացուցիչների կողմից տարածվող սուտը, թե հարցի կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում լինելու էր այն արդյունքը, ինչ արձանագրվել է կապիտուլյացիայի հետևանքով։

Ժամանակին, ինչպես խոստովանել է Ալիևը նաև միջազգային հանրությունն իրեն փորձել է ճնշել՝ ընդունելու համար այն տարբերակը, որի դեպքում Արցախը կարող էր ունենալ անկախություն, իսկ Քաշաթաղն ու Քարվաճառը կմնային հայկական կողմի վերահսկողության տակ։

Ի դեպ, Ալիևն իր ելույթում նաև անուղղակի աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ բացասաբար արտահայտվելով բոլոր այն, իր ձևակերպմամբ «ռևանշիստական ուժերի» վերաբերյալ, որոնք կարող են փորձել փոխել իրավիճակը։

Կիսվել