ԱշխարհՄամուլ

Հարված Իրանին հարավից. Թեհրանի ակնկալիքը Երևանից

Հարված Իրանին հարավից. Թեհրանի ակնկալիքը Երևանից

1in.am-ը գրում է․ Թուրքիան օրերս ավիահարվածներ էր հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիի շրջանի Շենե գյուղին: Այդ գյուղը գտնվում է Իրանի սահմանին: Փաստորեն, Արցախի դեմ պատերազմում Իրանի հյուսիսային սահմանի արցախյան գոտին օկուպացրած Անկարան այժմ հարվածներ է հասցնում Իրանի հարավային սահմանին:

Իհարկե, խոսքը ուղիղ Իրանին հարվածի մասին չէ, սակայն Թուրքիայի գործողության աշխարհաքաղաքական և ռեգիոնալ ենթատեքստը բավականին թափանցիկ է: Թուրքիան իրեն միանգամայն անկաշկանդ է զգում Իրանի թե՛ հյուսիսում, թե՛ հարավում ռազմական գործողություններ իրականացնելու առումով:

Ընդ որում, դա տեղի է ունենում Իրանի արտգործնախարար Զարիֆի ռեգիոնալ այցից հետո, որի շրջանակում նա եղավ նաև Անկարայում: Իրանի սահմանին գտնվող իրաքյան գյուղին հասցված ավիահարվածներով Թուրքիան ըստ ամենայնի հենց այդ այցի համատեքստում ցույց է տալիս կամ ուզում է ցույց տալ Թեհրանին, որ կողմնակից լինելով «3+3» ձևաչափով ռեգիոնալ գործակցությանը՝ Թուրքիան այդուհանդերձ իրեն տեսնում է այդ գործակցության ձևաչափում հավասարների մեջ ավելի հավասարի կամ պարզապես առաջնորդողի, առաջատարի դերում:

ռոհանի էրդողան

Բանն այն է, որ Իրանի հոգսը թերևս հենց այդ առաջատարությունը չեզոքացնելն է՝ հաշվի առնելով և այն, որ Թուրքիան այդուհանդերձ ՆԱՏՕ-ի անդամ է, և հազիվ թե կայսերական հավակնություններ ունեցող Էրդողանի բանականությունը պակասի ՆԱՏՕ-ի անդամությունից հրաժարվելու աստիճան:

Իսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վերահսկողությունը խոշոր հաշվով հենց ՆԱՏՕ-ի վերահսկողություն է: Այստեղ է թերևս պատճառներից մեկը, որ Իրանը հայտարարում է, թե իր համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է:

Բանն այն է, որ Հայաստանը Իրանին սահմանակից թերևս բացառիկ պետություն է, որ դուրս է թուրքական ուղիղ կամ, այսպես ասած, «պրոքսի» գոտի, ըստ այդմ՝ հյուսիսատլանտյան «պրոքսի» գոտի լինելուց: Մյուս կողմից, սակայն, Թեհրանի համար այդ փոքր հանգամանքը հազիվ թե լինի վճռորոշ, եթե մյուս բոլոր ուղղություններով Անկարան շարունակի իրեն զգալ Իրանի սահմանների անկաշկանդ աքցանի դերում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել