Մամուլ

Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները ևս 23 գերեվարված անձի նկատմամբ․ Արտակ Զեյնալյան

Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները ևս 23 գերեվարված անձի նկատմամբ․ Արտակ Զեյնալյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Զեյնալյանը։

Տարեվերջի ամփոփիչ մամլո հաղորդագրություն

Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով

Եվրոպական դատարանը 15.12.2020թ, 16.12.2020թ, 21.12.2020թ, 22.12.2020, 30.12.2020 բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ:

Նշված անձինք են՝ Արամ Գույումջյանը, Արման Աշպախյանը, Լևոն Մկրտչյանը, Լևոն Հովհաննիսյանը, Գևորգ Գասպարյանը, Էրիկ Գասպարյանը, Գևորգ Մանուկյանը, Գնել Պետրոսյանը, Լևոն Թոսունյանը, Սամվել Շուխյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Հայկազ Հովհաննիսյանը, Կարեն Վարդանյանը, Էդիկ Հարությունյանը, Հրայր Հերաբյանը, Հրայր Թադևոսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արգամ Հունանյանը, Դավիթ Ոսկանյանը, Սեյրան Թամրազյանը, Սասուն Պետրոսյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրիկ Պողոսյանը։

Վերը թվարկած անձանց գերեվարվելու կամ ձերբակալվելու մասին մեր պնդումները հենվում են ձեռք բերված մի շարք ապացույցների, այդ թվում՝ տեսանյութերի վրա: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, սահմանել է ժամկետներ:

հայ գերիներ

Այսպիսով. մեր կողմից Եվրոպական դատարան ներկայացված դիմումներով պաշտպանվում են 80 գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքները:

Նրանցից 18-ն արդեն վերադարձվել են հայրենիք: Որպես Ամանորի և Սուրբ ծննդյան խոսք. մեր երախտագիտությունն ենք հայտնում իրենց պարտքը պետության և հայրենիքի առջև կատարած անձանց, խոնարհվում ենք նրանց առջև՝ գործած սխրանքների ու հերոսությունների, արիության ու տոկություն համար, ինչպես նաև կրած զրկանքների ու տառապանքների համար:

Ջանք չենք խնայելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց բացահայտելու և նրանց հայրենիք վերադարձնելու, նրանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները վրականգնելու համար. բոլորիս՝ իմաստնություն և գործելու եռանդ։

Սիրանուշ Սահակյան

Արտակ Զեյնալյան

Կիսվել