Մամուլ

Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի Բալասանյանը հանդիպել են. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի Բալասանյանը հանդիպել են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է բանակաշինության, անվտանգության ու Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր:

Մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյան-Վիտալի Բալասանյան հանդիպմանը քննարկվել է նաեւ Հայաստանում եւ Արցախում ստեղծված քաղաքական իրավիճակը, դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Մենք արդեն երկու օր է՝ փորձում ենք այս տեղեկությունը ճշտել երկու կողմերից էլ:

Վիտալի Բալասանյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը երկու օր է՝ մեր հեռախոսազանգերը թողնում է անպատասխան: Իսկ, ահա, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մեր հարցին պատասխանեց ընդամենը մեկ նախադասությամբ՝ հերքելով, որ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ:

«Չեմ հանդիպել», – ասաց նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել: Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 2-ին ստորագրված հրամանագրի համաձայն է Վիտալի Բալասանյանը նշանակվել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար:

Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն էր 2016 թվականի նոյեմբերից մինչեւ այս տարվա հունիս։ Արցախում նախագահական ընտրություններից հետո անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Սամվել Բաբայանը, ով այդ պաշտոնից ազատվեց նոյեմբերի 16-ին՝ սեփական դիմումի համաձայն։

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։

Կիսվել էջում