Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ. Արտակ Բեգլարյան
«Շատ կարևոր է անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը, զոհվածների մարմինների դուրս բերումը, գերիների վերադարձը»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Այս ուղղությամբ ՄԻՊ-ի աշխատակազմն էլ հատկապես փաստահավաքության շրջանակներում տվյալներ է հավաքագրել, և առ այսօր հավաքագրում ենք, թարմացնում, անընդհատ ներկայացնում պատկան մարմիններին՝ թե՛ պետական, թե՛ միջազգային և թե՛ ՀՀ-ում գտնվող»,- նկատեց Մարդու իրավունքների նախկին պաշտպանը: Բեգլարյանը նշեց, որ հատկապես քաղաքացիական անձանց և բաց աղբյուրներում առկա ռազմագերիների տվյալներն են հավաքագրում:
Նա ընդգծեց, որ համակարգման խնդիրներ են եղել և ՀՀ-ում և ԱՀ-ում:
«Ժամանակի ընթացքում հստակեցվել են ինստիտուցիոնալ մեխանիզմները, և հիմա համակարգն ավելի արդյունավետ է աշխատում»,- նշեց նա:
«Գլխավոր խանգարող գործոնն Ադրբեջանի ապակառուցողական և հանցավոր վարքն է՝ ոչ միայն այն տեսանկյունից, որ մեծածավալ հանցագործություններ և սպանություններ են կատարվում՝ այդ թվում գերեվարված անձանց, բայց նաև ակնհայտ է, որ նրանք թաքցնում են և՛ ռազմագերիների, և՛ քաղաքացիական ներկրված ու բռնի անհետացած անձանց: Այս տվյալներն ու ապացույցները անընդհատ ներկայացնում ենք Կարմիր խաչին և ռուսական կողմին»,- հայտարարեց Բեգլարյանը:
«Կոնկրետ դեպքերում հաջողություններ կան, բայց դեռևս ակնհայտորեն Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ, որոնց մի զգալի մասը տեսանյութերով են ապացուցված, որ իրենց մոտ են գտնվում»,- հավելեց Բեգլարյանը՝ շեշտելով, որ խուսափում է, որևէ թիվ նշելուց: