ՄամուլՏեսանյութ

Սոթքի հանքի տարածքում աշխատում է ադրբեջանական տեխնիկան, իսկ հանքի աշխատակիցների վիճակը դեռ անորոշ է (Տեսանյութ)

Սոթքի հանքի տարածքում աշխատում է ադրբեջանական տեխնիկան, իսկ հանքի աշխատակիցների վիճակը դեռ անորոշ է (Տեսանյութ)

168.am-ը գրում է․ Սոթքի ոսկու հանքը, որի մի մասը, ՊՆ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի խոսքով, նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ մնալու է հայկական կողմում, մյուս մասը՝ ադրբեջանական, նոյեմբերի 27-ից չի աշխատում: Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մտել են հանքի տարածք, պահանջել, որ աշխատակիցները դուրս գան հանքից:

Աշխատակիցները դուրս են եկել հանքի տարածքից, ու արդեն 5-րդ օրն է՝ չեն աշխատում ու չգիտեն, թե երբվանից կկարողանան կրկին աշխատանքի անցնել: Աշխատակիցները 168.am-ին փոխանցեցին, որ իրենք դեռևս անորոշ վիճակում են:

«Կոնկրետ հանքի տարածք ոչ մեկը չի կարա մտնի: Կոնկրետ մեզ ոչ մի բան չեն ասել: Անորոշ վիճակ ա, չգիտենք՝ երբ կաշխատենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը:

Սոթք ոսկու հանք

Փոխարենն աշխատակիցները մեզ փոխանցեցին տեսանյութեր, որոնցում երևում է, որ հանքի տարածքում արդեն իսկ աշխատում է ադրբեջանական տեխնիկան:

Սոթքի բաց հանքի տարածքը՝ հանքի կենտրոնը, որտեղ հանքանյութն է, այսօր արդեն որպես սահման է հանդես գալիս: Ադրբեջանական վերահսկողության մասում մի քանի օր է, ինչ մեծ ինտենսիվությամբ աշխատանքներ են իրականացվում: Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների ենթադրություններով՝ ադրբեջանական տեխնիկան, տրակտորները հավանաբար այդ կողմով ճանապարհ են գցում դեպի Քարվաճառ:

Տեսանյութում երևում է անցակետը, որտեղ այսօր արդեն ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ են կանգնած: Մի քանի օր առաջ անցնում էին Սոթքի ու հարակից համայնքների աշխատակիցները, գրանցվում էին աշխատանքի մտնելիս ու անցնում էին իրենց գործին: Անցակետն այսօր ադրբեջանական վերահսկողության տակ է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կիսվել