«5-լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»․ հայտնի է զորամասի հրդեհի պատճառը

«5-լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»․ հայտնի է զորամասի հրդեհի պատճառը

 «Պարզել ենք, որ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակում հասել է, բայց իհարկե, հեռավորությունը բավականին մեծ է եղել:

Պարզել ենք, որ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ստորագրել է 14-ԳՇ կարգադրությունը հետեւյալ վերնագրով. «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների եւ դրանց կանխարգելման մասին»:

Հստակ հրահանգավորել է, հրաման է տվել, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար: Ամբողջ տեքստը պետք չի հրապարակել, 7-րդ կետում նշվում է՝ «խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան օգտագործել ավտոբենզին, նեֆրազ եւ այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին»:

Այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը: Բայց մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլեւ նախնական տվյալներով, նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված, որպեսզի լրացուցիչ ուրիշ բաների կարիք չլինի:

5 լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ: Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո ինքնապաշտպանական բնազդից ելնելով այդ 5-լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ: Ենթադրում եմ, ոչ դիտավորյալ:

Դրանից հետո արդեն պարզ է՝ ինչ է տեղի ունեցել»,-հայտարարեց վարչապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող։