Շոու-բիզնես

10 օրով էի եկել, բայց արդեն 10 տարի է՝ այստեղ եմ. որտեղ է ու ինչով է զբաղվում երգիչ Միստր X-ը

10 օրով էի եկել, բայց արդեն 10 տարի է՝ այստեղ եմ. որտեղ է ու ինչով է զբաղվում երգիչ Միստր X-ը

Armtimes.com-ը գրում է․ 2000-ականներից հայտնի ու սիրված երգիչ Միստր X-ը (Արթուր Հակոբյան) արդեն 10 տարի է՝ Հայաստանից տեղափոխվել է ԱՄՆ ու մշտական բնակություն հաստատել Նահանգներում:

Չնայած նախքան մեկնելը «խորհրդավոր արտիստը» բեմում հանել էր դիմակը, սակայն հանդիսատեսի հուշերում նա հենց դիմակով էլ տպավորվել է:

«Հայկական ժամանակ»-ի զրույցը նրա հետ՝ ստորեւ.

– Արթուր, դուք 2000-ականների ամենահիշվող արտիստներից եք, եւ սա ոչ միայն Ձեր յուրահատուկ ձայնի, տեմբրի շնորհիվ, այլեւ բեմական այն կերպարի, որով ներկայացաք հանդիսատեսին: Բեմում միշտ դիմակով էիք եւ դրան համահունչ հագուկապով, ինչ-որ առումով՝ խորհրդավոր կերպարում: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս էր առաջացել այդ կերպարով հանդես գալու մտահղացումը:

– 2000-2001-ին սկսեցինք աշխատել երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ: Նա այդ ժամանակ իր հիմնադրած «Արձագանք» ստուդիայի ղեկավարն էր։ Միասին էինք աշխատում, եւ «Միստր X-ի» գաղափարն էլ ծնվեց մեր համատեղ աշխատանքի ընթացքում։

Նպատակը ոչ թե թաքնված, կիասքողարկված կերպարով բեմում երեւալն էր, այլ ավելի խոր մի բան էր: Գուցե ավելի ռոմանտիկ էինք, դիմակն ու անուն թաքցնել էլ դրա հետեւանքն էր։ Կարեւորություն էինք տալիս ավելի շատ ձայնին՝ թաքցնելով արտաքինն ու անունը։ Դա համարձակ մի քայլ էր, էքսպերիմենտալ մի բան, որը հաջողություն ունեցավ, որի ապացույցն էին տարբեր երկրներում ունեցած բազմաթիվ մենահամերգները։

Այդ դիմակը, իմ կերպարը, այն կատարումները, որոնք ես ներկայացնում էի, սրանք կարծես ամբողջական փաթեթ էին, քանի որ նման արտաքինով պետք էր ընտրել մի այնպիսի երաժշտություն, որն արդարացված կլիներ ձայնի ու կերպարի հետ։ 

– Հիշում եմ, որ խորհրդանշական ու բավականին հետաքրքիր էր նաեւ Ձեր՝ դիմակը հանելու պահը։ Կպատմե՞ք՝ ինչպես որոշեցիք 8 տարի նույն կերպարով հանդես գալուց հետո հանել այն ու արդեն նորովի ներկայանալ: Անսովոր չէ՞ր:

– Հանրային հեռուստաընկերությամբ մի ծրագիր կար, «Բենեֆիս» էր կոչվում, եթե չեմ սխալվում, 2008 թվականին էր: Ինչպես եղավ, որ հանեցի․ արդեն բավականին երկար ժամանակ մարդիկ սպասում էին, ես էլ 8 տարի բեմում դիմակով էի ելույթ ունեցել։

Այդ ծրագրի ավարտին՝ ուղիղ եթերում՝ կատարումս ավարտելուց հետո, հանեցի դիմակը: Բայց հանելուց հետո իմ հանդիսատեսի, երգերս սիրողների մեջ կիսվեցին կարծիքները. մի մասն ասում էր, որ ճիշտ որոշում էր հանելը, մի մասն էլ՝ հակառակը, որ սովորել էին իմ հին կերպարին ու այնքան կապվել, որ չէին ուզում ինձ առանց դիմակ տեսնել։

Ու հետաքրքիր է՝ ինձ հետ էլ է նմանատիպ բան եղել: Հիշում եմ՝ երբ փոքր էի, Սիլվեստեր Ստալոնեի դերակատարմամբ ֆիլմ էի նայում, ֆիլմում նրա անունը Ռոքի էր, ու օրերից մի օր, երբ իմացա, որ Ռոքիի իրական անունը Սիլվեստեր Ստալոնե է, այնքան էի հիասթափվել։ Ինչ-որ տեղ հեքիաթային բան է, բայց հաճախ է լինում, երբ մարդը կապվում է վիճակին, կերպարին։

– Որքա՞ն ժամանակ է՝ ԱՄՆ-ում եք, ընդմի՞շտ եք տեղափոխվել, ինչո՞վ եք զբաղվում:

– ԱՄՆ-ը տեղափոխվելս շատ պատահական եղավ: Նպատակը 2012 թվականին մենահամերգ տալն էր, սակայն, երբ եկա, բազմաթիվ առաջարկներ եղան, շրջագայություններ էին սպասվում, եւ տեխնիկապես շատ դժվար էր ամեն անգամ գնալ-գալը։ Ամեն ինչ սկսվեց՝ այդ գործնական առաջարկներն ընդունելով, մոտ 1,5-2 տարի այդպես մնացի: Հետո ստացվեց այնպես, որ պետք է շարունակեի մնալ։ Բայց հետաքրքիրն այն է, որ ընդամենը 10 օրով էի եկել. 10 օրը դարձավ 10 տարի։ Արդեն 10 տարի է՝ այստեղ եմ։

– Իսկ այժմ այդտեղ ակտիվ գործունեություն ծավալո՞ւմ եք։

– Մինչեւ 2019 թվականը՝ նոր կորոնավիրուսի ի հայտ գալը, շատ ակտիվ էի։ Բայց համավարակի պատճառով ամեն ինչ կանգ առավ․ երբեւէ չէի պատկերացնում, որ երբեւէ նման բան հնարավոր է՝ անգամ Լաս Վեգասը դատարկվեց, դադարեցվեցին բոլոր երաժշտական, շոու միջոցառումները։ Մինչեւ համավարակը բացել էի «XՕ Պիանո բար»-ը: (Իմիջիայլոց, փողոցը, որտեղ գտնվում է բարը, կոչվում է Արցախ, որն էլ ժամանակին անվանափոխվել է հայ համայնքի նախաձեռնությամբ)։ Այդ բարում ամեն օր տարբեր ազգի երաժիշտներ էին ելույթ ունենում, ամենատարբեր ժանրերի մեջ:

Համարում եմ, որ դրանով էլ շարունակում էի շոու բիզնեսի մեջ լինել, քանի որ այդ ընթացքում հաճախ են ծնվում նոր դուետներ, նոր գործեր։ Նոր էինք ուշքի գալիս համավարակից, 2020 թվականի 44-օրյա պատերազմը սկսվեց. այն շատ բան փոխեց: Ճիշտ է, մենք հեռու ենք, բայց հենց հայրենիքում մի բան է լինում, շատ արագ անդրադառնում է նաեւ մեզ վրա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել