«1-ին և միակ սերս է». Արմեն Սարգսյանի կինը՝ ամուսնուն սիրահարվելու և ճոխ կյանքի մասին
«Հայկական ժամանակը» գրում է․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը նախկին լրագրող է: Այժմ զբաղվում է մանկական գրքեր գրելով: Սիրում է Լոնդոնը, ինչպես Երեւանը: Հետաքրքրված է արվեստի գործերով: 2 տարի առաջ բրիտանական The Daily Mail պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որում ներկայացրել է նրան, նրա նախասիրությունները, նրա ու ամուսնու սիրո պատմությունը:
Նունե Սահակյանը ծնվել է 1954 թ. մտավորականների ընտանիքում: Հայրը լրագրող է եղել, մայրը՝ ուսուցչուհի: Գոհ է իր մանկությունից: Նշում է, որ հարուստ չեն եղել, սակայն բավական գումար են ունեցել պատշաճ սնվելու ու հագնվելու համար. ոչնչից զրկված չի եղել, միայն մի բան է միշտ խանգարել է:
«Այն ժամանակ մեզ մոտ միշտ զգացողություն էր, որ մեզ հետեւում են: Մայրս մեզ միշտ ասում էր. «Զգույշ եղեք, անեկդոտներ մի՛ պատմեք. պատերն ականջներ ունեն»»,- նրա խոսքերն է փոխանցում The Daily Mail-ը:
Նունե Սահակյանն ինքնուրույն է եղել վաղ տարիքից: 10 տարեկանում աշխատանքի է ընդունվել է ռադիոյում, եթերում մանկական գրքեր է ընթերցել: Ամեն կիրակի միայնակ գնացել է աշխատանքի:
«Նրանք ինձ մի քանի ռուբլի էին վճարում որպես աշխատավարձ: Տալիս էի մայրիկիս, որը դրա կարիքն ուներ: Նաեւ մանկական պատմություններ էի գրում ու փորձում էի ինչ-որ տեղ հրապարակել դրանք»,- պատմում է նա:
Ամուսնու՝ Արմեն Սարգսյանի հետ ծանոթացել է դպրոցական տարիներին: Ինքը 14 տարեկան է եղել, նա՝ 15: Սարգսյանը դպրոցի ամենալավ սովորող աշակերտներից է եղել, ինքն էլ՝ լավագույն դերասանուհիներից մեկը: Միասին անգլերեն լեզվով դպրոցական ներկայացման են մասնակցել: Ներկայացումներում խաղալով՝ Նունե Սահակյանը միշտ եղել է տղաների ուշադրության կենտրոնում, սակայն ինքն անտարբեր է եղել նրանց նկատմամբ: Սարգսյանին գրավել է այն, որ իր ապագա կինը համառ է եղել, բոլորին մերժել է:
«Տղաները վազում էին իմ հետեւից, ես էլ շատ անկախ ոգի ունեի, մերժում էի բոլորին: Դա հետաքրքրել էր Արմենին: Նա մտածում էր. «Ո՞վ է այս աղջիկը, որը բոլորին մերժում է»»,- պատմում է նա:
Մի անգամ նրանք երկուսով ներկա են եղել պատանի կոմունիստների համագումարի: Այն շատ ձանձրալի է եղել, եւ Նունե Սահակյանն ընկերներին իրենց տուն է հրավիրել՝ մի փոքր ցրվելու: Արմեն Սարգսյանն էլ է գնացել: Նրան հետաքրքրել է ապագա կնոջ հոր գրադարանը: Մի գիրք է վերցրել, որն այդ ժամանակ արգելված գրականության ցանկում է եղել: Նունե Սահակյանի հայրը չի սիրել գրքերը անգամ ժամանակավոր տալ ուրիշներին: Վախենալով նրա զայրույթից՝ Նունե Սարգսյանը գտել է Արմեն Սարգսյանին, որպեսզի վերցնի գիրքը: Այդպես նրանք ընկերացել են, ու ընկերությունը վերաճել է սիրո:
«Նա իմ առաջին եւ միակ սերն է»,- ընդգծում է Նունե Սահակյանը:
Նրանք երկուսն էլ սովորել են Երեւանի պետական համալսարանում: Արմեն Սարգսյանն ուսումնասիրել է ֆիզիկա, Նունե Սահակյանը՝ լեզուներ: Ավարտելուց հետո Սարգսյանը սկսել է դասախոսել է Քեմբրիջի համալսարանում, իսկ Նունե Սահակյանը մնացել է Հայաստանում իրենց երեխաների՝ Վարդանի ու Հայկի հետ, խորհրդային իշխանությունները նրանց թույլ չեն տվել մեկնել: Նրանք Լոնդոն են տեղափոխվել ավելի ուշ:
Նունե Սահակյանը շատ է սիրում իր կյանքը Լոնդոնում: Այնտեղ ճոխ կյանք է վայելում: Ունի անտիկ իրերի, արվեստի գործերի հազվագյուտ նմուշների հարուստ հավաքածու: Տունը կահավորված է բրենդային կահույքով ու աքսեսուարներով:
Դրանք հատուկ պատվիրված են հիմնականում Linley ապրանքանիշից, որը պատկանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի քրոջ որդուն՝ Դեւիդ Լինլիին: Լինլին նաեւ Նունե Սահակյանի մտերիմ ընկերն է:
«Նրա ապրանքանիշի կահույքի յուրաքանչյուր նմուշ արվեստի գործ է եւ կփոխանցվի հաջորդ սերունդներին»,- ասում է նա: