Փրկարարները 3 կմ-անոց, ձյան շերտով փակված Արագած գյուղի ճանապարհը հաղթահարելով, օգնության հասան 1-ամյա աղջնակին․ երեխան տեղափոխվեց հիվանդանոց
Փրկարարները 3 կմ-անոց, ձյան շերտով փակված Արագած գյուղի ճանապարհը հաղթահարելով, օգնության հասան 1-ամյա աղջնակին․ երեխան տեղափոխվեց հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է․ Արդեն մի քանի օր է՝ հանրապետությունում առատ ձյան տեղումների պատճառով՝ ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Կամո Ցուցուլյանի և ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանի հանձնարարականներով՝ Փրկարար և Պարեկային ծառայություններն անցել են ու շարունակում են 24-ժամյա ուժեղացված ծառայությունը, ինչի արդյունքում էլ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ փրկարարներն ու պարեկները օգնության են հասել նաև մարզերի հեռավոր գյուղերի այն բնակիչներին, ովքեր ահազանգել են ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման և Փրկրարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններ։ Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի տներից մեկում 1 տարեկան աղջնակը անզգուշաբար ընկել է վառարանի վրա և դեմքի շրջանում այրվածքներ է ստացել։ Ու քանի որ գյուղում ողջ ճանապարհները անանցանելի են, ձյան բարձրությունը 1-2 մետր է, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Դմիտրի Պետրոսյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Արագածոտնի մարզային-փրկարարական վարչության Ապարանի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Հայկ Արշակյանը, օղակի հրամանատար Արմեն Սահակյանը, հրշեջ-փրկարարներ՝ Սամվել Արշակյանը, Աշոտ Արշակյանը, Ռոբերտ Մարտիրոսյանն ու վարորդ Սամվել Գրիգորյանը, ինչպես նաև՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի, պարեկ Նարեկ Մովսիսյանի և կրտսեր պարեկ Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ։
Ապա հրշեջներին և պարեկներին միացած «Ապարան» բժշկական կենտրոնի բժշկուհի Նարինե Կիրակոսյանը, բուժքույր Սուսաննա Հարությունյանն ու վարորդ Վարդան Գալստյանը մեծ դժվարությամբ, մոտ 3 կմ-անոց դժվարանացանելի ճանապարհը՝ մի մասը անցնելով փրկարար ջոկատի Урал-ով, իսկ մոտ 1 կմ-անոց ճանապարհահատված անցնելով ոտքով, մոտեցել են նշված տանը, որտեղ էլ բժշկուհին ու բուժքույրը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային, ապա ոտքով՝ փրկարարները, պարեկներն ու բժշկուհիները այդ դժվարանցանելի ճանապարհով երեխային մոտեցրել են Урал-ին, իսկ հետո՝ շտապօգնության ավտոմեքենային։ Երեխան շնորհիվ փրկարարների, պարեկների և բժշկուհիների արդեն ապահով ձեռքերում է։
Մի քանի օր նա պետք է մնա Ապարանի հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ։Իսկ որ Ապարանի հրշեջ-փրկարարները, Արագածոտնի մարզն սպասարկող պարեկներն ու Ապարանի հիվանդանոցի բժիշկները մի քանի օր է, երբեմն վտանգելով իրենց կյանքը, իսկական հերոսներ են դարձել բնակիչների համար, դա անհերքելի փաստ է։
Բնակիչները Գ․ Շամշյանի հետ զրույցում ասում էին․ «Հերոսներ։ Ուրիշ բառ չենք կարող գտնել Արագածոտնի ու Ապարանի հրշեջ-փրկարարների, պարեկների, Ապարանի հիվանդանոցի բուժանձնակազմի աշխատակիցների հասցեին ասելու։ Այս քանի օրը այն տաժանակիր ու հերոսական աշխատանքը, որ նրանք են կատարում, բառերով ասել չենք կարող։
Ողջ ճանապարհները ձյան առատ տեղումների պատճառով փակվել են։ Հատվածներ կան, որ ձյան բարձրությունը հասնում է մինչև 2 մետրի։
Տեսնել է պետք, թե փրկարարները, բժիշկներն ու պարեկները ինչ դժվարանցանելի ճանապարհներով են հասնում իրենց օգնության կարիքն ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցողներին։ Թե ինչպիսի մարդկային մոտեցում են նրանք ցուցաբերում քաղաքացիներիս նկատմամբ, երևի՝ հատուկենտ ազգերին է բնորոշ։
Ուզում ենք մեր երախտիքի խոսքն ուղղել Արագածոտնի փրկարարական վարչությանը, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատին, Արագածոտնի Պարեկային Ծառայության պարեկներին, Ապարանի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին ու ասել մեծն Սևակի հանրահայտ ստեղծագործություններից մեկ բառ՝ Շնորհակալություն Ձեզ»։