Մամուլ

Փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստացած զոքանչը հիվանդանոցում մահացավ․ բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար

Փեսայի կողմից հրազենային վնասվածքներ ստացած զոքանչը հիվանդանոցում մահացավ․ բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր, ապրիլի 23-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել իր փեսայի կողմից կրակոցներից վնասվածքներ ստանալուց հետո։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 22-ին սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից դեպի Նալբանդյան գյուղ տանող ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ գետնին ընկած է։

nalbandyan spanutyun

Ժամը 00։05-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ 44-ամյա Լաերտ Հարությունյանն իր աներոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 69-ամյա Էդիկ Մարտիրոսյանի տան բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Է․ Մարտիրոսյանի, նրա որդու՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 41-ամյա Արամ Մարտիրոսյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ հայհոյանքներ է հնչեցվել Լ․ Հարությունյանի հասցեին (որը քննչական վարչությունը պարզում է), ինչի ժամանակ էլ Լ․ Հարությունյանն իր մոտ եղած ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել Ա․ և Է․ Մարտիրոսյանների, ինչպես նաև Է․ Մարտիրոսյանի կնոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանի ուղղությամբ։

krakocner nalbandyan

Կրակոցների հետևանքով Է․ Մարտիրոսյանը գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ Ա․ Մարտիրոսյանն ու Ս․ Հարությունյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված գյուղացիներից մի քանի հոգի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Թե ինչն է եղել վիճաբանության ու կրակոցների պատճառը, չգիտենք։

Միայն այն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ գյուղ ներս մտնող ու դուրս եկող ճանապարհները փակեցին, ու որոնում էին Լաերտին։ Հետո իմացանք, որ ոստիկանները պարզել են, որ Լաերտը գյուղից դուրս է եկել, ով նաև հրացանով է։

Ու ոստիկանները նրա հետ բանակցություններ են վարում, ինչից հետո ինքնակամ ներյականում է ոստիկանության Արմավիրի բաժին։ Լսել ենք նաև, որ հրացանն էլ հետն է տարել բաժին»։

Կիսվել