Տաթեւիկ Ռևազյանի ամուսնու արկածները Քաղավիացիայի կոմիտեում․ «Հրապարակ»
Տաթեւիկ Ռևազյանի ամուսնու արկածները Քաղավիացիայի կոմիտեում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության նոր ժամանակների պետական պաշտոնյաներից Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, Կոպենհագենից Երեւան տեղափոխված Տաթեւիկ Ռևազյանը պետական համակարգի քանդման հարցում ամենամեծ «ներդրումն» ունեցած անձանցից է: Նրա պաշտոնավարման առաջին օրերից արդեն ոլորտի հին, փորձառու մասնագետների մի մեծ խումբ հեռացավ համակարգից:
Հետագայում շատ փառաբանեցին, որ բյուջետային ավիաընկերություն՝ լոուքոստ բերեց Հայաստան. «Ռենէյրը»: Սակայն անսպասելիորեն հայաստանյան ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության սեւ ցուցակում եւ գրկվեցին Եվրոպա եւ այլուր թռչելու իրավունքից, ու դա՝ Քաղավիացիայի կոմիտեի մեղքով: Հետո Տաթեւիկ Ռեւազյանը հղիացավ, մեկնեց իր հարազատ Դանիա, այնտեղ երեխա ունեցավ, եւ թվում էր, թե այլեւս չի վերադառնա Հայաստան, սակայն վերադարձավ:
Հիմա տեւական ժամանակ է՝ կոմիտեում բուռն գործունեություն է ծավալում Տաթեւիկի ամուսինը, ով այնքան հեռու է ավիացիայից, որքան Հայաստանը՝ Կոպենհագենից:
Նրանք՝ ընտանյոք հանդերձ, բնակվում էին հենց կոմիտեի շենքում: Մեր տեղեկություններով, ամուսինը շրջում էր քաղավիացիայի վարչական տարածքում, ելումուտ անում այնպիսի վայրեր, որտեղ մուտքի իրավունք ունեն սահմանափակ թվով աշխատակիցներ:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի անունից բանակցություններ էր վարում ավիաչվերթեր, բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ, ճշգրտում, շտկում եւ որոշ դեպքերում անգամ ցուցումներ տալիս ավիաընկերություններին: Մոտ մեկ ամիս, եթե ոչ ավելի, պետական պաշտոնյայի՝ Տաթեւիկ Ռեւազյանի աշխատավայրը դարձել էր ընտանիքի համար կեցավայր:
Տաթեւիկն ամուսնու եւ երեխայի հետ, էլ չենք ասում երեխայի դայակի մասին, քնում եւ արթնանում էին աշխատավայրում: Գուցե նոր ժամանակներում նորմալ է, որ պետական պաշտոնյան գերադասում է աշխատասենյակն իր բնակարանից, գուցե որոշ դեպքերում աշխատավայրի պայմաններն ավելի հաճելի են, քան տան պայմանները: Ո՞վ իմանա… Սակայն այս փաստը, մեղմ ասած, զարմանք էր առաջացրել աշխատակիցների մոտ, իսկ Տաթեւիկի ամուսնու պահվածքը տարօրինակ էր թվացել չվերթեր իրականացնող ավիաընկերությունների անձնակազմերին:
Հետաքրքիր է, Կոպենհագենի իշխանությունների համար ընդունելի կլիներ այն փաստը, որ իրենց երկրի ավիացիոն իշխանության ղեկավարն ամուսնու հետ բնակվեր աշխատավայրում, իսկ ամուսինն էլ երկրում հաստատված ռազմական դրության պայմաններում, պատերազմական թեժ գործողությունների ժամանակ ազատ ելումուտ աներ արգելված գոտիներ, տնային շորերով «ֆռֆռար» հիմնարկում եւ կարգադրություններ աներ: Հարյուրավոր մարդիկ մոտ 1 ամիս շարունակ ականատես են եղել այս ամենին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում