Մամուլ

Պարտքի պատճառով հոսանքազրկվել է բժշկական ծառայություններ մատուցող կենտրոնը. շտապօգնությամբ տեղափոխված հիվանդը մնացել է միջանցքում

Պարտքի պատճառով հոսանքազրկվել է բժշկական ծառայություններ մատուցող կենտրոնը. շտապօգնությամբ տեղափոխված հիվանդը մնացել է միջանցքում

Hetq.am-ը գրում է․ Այսօր կեսօրին պարտքի պատճառով հոսանքազրկվել է «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը: Այն գտնվում է Պարույր Սևակի փողոցի 5/7 հասցեում:

«Ուլտրաիմիջինգ»-ի տնօրինությունը «Հետք»-ին ահազանգեց, որ հոսանքազարկման պահին շտապօգնության մեքենայով ծանր հիվանդ էր տեղափոխվել կենտրոն, որը պատգարակով հայտնվել էր հոսանքազրկված կենտրոնի միջանցքում:

«Ուլտրաիմիջինգ» -ի բժշկական գծով տնօրեն Արամ Քոչարյանը պատմեց, որ իրենց կենտրոնը դժվարամատչելի հետազոտություններ է իրականացնում` «ԿՏ», «ՄՌՏ», «Դուպլեքս»:

«Մեզ կարգադրված է, որ ընդունենք միայն շտապ հիվանդներ: Շտապօգնության հիվանդին բերել էին, մենք էլ պատրաստվում էինք օգնել, բուժօգնություն ցուցադրել, պիտի հետազոտեինք: Հիվանդին մտցրեցին շենք, պիտի գլխուղեղի հետազոտության անեին, հոսանքազրկեցին»,- պատմեց Արամ Քոչարյանը:

Փորձել են ՀԷՑ-ի հետ կապ հաստատել, սակայն հեռախոսահամարներին պատասխանող չի եղել:

Արամ Քոչարյանը պատմեց, որ ՀԷՑ-ի մատակարարած հոսանքի գումարի մեծ մասը կենտրոնը վճարել էր, մնացել էր 500 հազար դրամի չափով պարտք:

Կենտրոնը նաև մասնաճյուղ ունի Ախուրյանում, որի սպառած էլեկտրաէներգիայի ողջ գումարը վճարված է:

«Ուլտրաիմիջինգ» -ի տնօրինությունը 10 օր առաջ նամակով դիմել է ՀԷՑ-ին, որպեսզի պարտքերի մարման ժամկետը երկարաձգեն մինչև մարտի 31-ը, քանի որ կենտրոնը դոլարային վարկի ձևակերպման փուլում է եղել` պարտքերը մարելու նպատակով: Մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել ՀԷՑ-ից:

«Մենք անում ենք դժվարամատչելի, ծանր տեխնիկայով ախտորոշում, և տեխնիկան հիմա մեծ վտանգի տակ է, որովհետև ՄՌՏ նորագույն սարք է»,- նշեց Արամ Քոչարյանը:

Արամ Քոչարյանը տեղեկացրեց, որ երեկ դոլարային վարկ են վերցրել և ամբողջությամբ մարել հարկային պարտավորությունները, վճարել են 70% աշխատակիցների աշխատավարձը, ոչ մի աշխատող աշխատանքից չի ազատվել և տուն չեն ուղարկել, մարտի 1-ից նոր աշխատակից է ընդունվել:

«Ուլտրաիմիջինգը» նորից էր դիմել վարկի համար, որպեսզի մարեր էլեկտրաէներգիայի պարտքը: Այսօր վարկը պետք է հաստատվեր: Սակայն ժամը 12-ի սահմաններում էլեկտրաէներգիան անջատվել է:

ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի կապերի հետ դեպարտամենտի պետ Նատալյա Սարաջանյանը պարզաբանեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը վերաբերում էր միայն քաղաքացիների պարտքերին, սակայն ՀԷՑ-ը կվերականգնի «Ուլտրաիմիջինգի» էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Նատալյա Սարաջյանը նշեց, իրենք նամակ չեն ստացել ընկերությունից:  Թե ինչ հասցեով են ուղարկել, ուր են ուղարկել, իրենք տեղյակ չեն:

«Ելնելով իրավիճակից` եթե մարդիկ տվյալ օրը չեն կարող վճարել և ասում են, որ էսինչ օրը կվճարեն, մենք կգնանք զիջման: Հիմա կվերականգնենք կենտրոնի մատակարարումը, իրենք խոստացել են 31-ին վճարել, հուսով ենք, որ կվճարեն»,- ասաց Նատալյա Սարաջյանը:

Կիսվել