Ազատ խոսք

Ու՞մ գրպանը գնաց «Էլարդի» 450.000 դոլարը

Ու՞մ գրպանը գնաց «Էլարդի» 450.000 դոլարը

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անցած տարի գործող վարչախումբը փորձեց լուծել Ամուլսարի թնջուկը` պատվիրելով «Էլարդ» ընկերությանը ուսումնասիրել «Լիդիանի» կատարած ՇՄԱԳ-ը: Այսինքն` մի քանի փաստաթուղթ կարդալու համար ՀՀ կառավարությունը հարկատուների փողերից «Էլարդ» ընկերությանը վճարեց մոտ 450.000 դոլար:

Այնինչ վերջում այս կազմակերպությունը հայտարարեց, թե ուսումնասիրել է «Լիդիանի» ՇՄԱԳ-ը և չի կարող պատասխանել հարցին` արդյո՞ք բնապահպանական տեսանկյունից անվտանգ է Ամուլսարի շահագործումը: Այս հանճարեղ «ուսումնասիրության» և պատասխանի համար Հայաստանի հարկատուները 450.000 դոլար են վճարել:

Համավարակի այս օրերին, երբ վարչախումբը չի կարողանում աղետի շեմին հասած մարդկանց սոցիալական խնդիրները լուծել և միաժամանակ խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հիանալի կլիներ, որ իր վերահսկողական լծակներով ևս մեկ անգամ ուսումնասիրեր, թե ի վերջո ու՞մ գրպանը հոսեց այդ 450.000 դոլարը:

Ի դեպ, հենց ներկա վարչախմբի շահերից է բխում, որ այդ հարցը բացահայտվի հիմա ու, եթե ճիշտ են օդում կախված լուրերը, ապա այդ գումարը հիմա վերադարձվի պետական բյուջե:

Հատկապես որ հազարավոր մարդիկ այսօր ցամաք հացի խնդիր ունեն և այդ գումարով կարելի է բազմաթիվ խնդիրներ լուծել: Որովհետև հաջորդ իշխանությունն անպայման գնալու է այս թեմայի հետևից և ամենայն հավանականությամբ մարդիկ են հայտնվելու ճաղերի հետևում: Հիշեք պարոնայք, ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում»:

Կիսվել