Ողբերգական ավտովթարից մահացել է Սպիտակում հայտնի ճաշարաններից մեկի սեփականատերը
Ողբերգական ավտովթարից մահացել է Սպիտակում հայտնի ճաշարաններից մեկի սեփականատերը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 40-ամյա Ռոստոմ Մագոյանը իր վարած Toyota Runner մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև բախվել ծառին, առաջ ընթանալով բախվել շինության պատին և մոտ 2 մետր բարձրությունից ընկել և հայտնվել գետում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Մագոյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Մարմինը փրկարարներն ու ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները մոտեցրել են Սպիտակի շտապօգնության ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, Լոռու մարզի պարեկային ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Քննիչի հանձնարականով ավտոմեքենան պարեկների, ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց և ավտոքարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Ա. Բեժանյանի կարգադրությամբ տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Կարեն Պեպանյանը, Նարեկ Ալոյանը, Տարոն Մանասերյանը:
Շնորհիվ պարեկների ճիշտ աշխատանքի՝ երթևեկությունը նշված վայրում չէր խափանվել և հետաքրքրասեր վարորդները մեքենաները չէին կայանում վթարի վայրում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզում հայտնի ճաշարաններից մեկի սեփականատերն էր և բնութագրվում է դրական ու բազմաթիվ անգամներ օգնության ձեռք է մեկնել սոցիալապես անապահով մարդկանց: