«Շատ ցավում եմ, որ այդ գործընթացը մարդկանց կյանքեր է արժենում»․ Ալեն Սիմոնյանը՝ Կուտոյանի մահվան մասին
«Շատ ցավում եմ, որ այդ գործընթացը մարդկանց կյանքեր է արժենում»։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանին մահացած հայտնաբերելու լուրի մասին։
«Նախ պետք է ասեմ, որ ապշահար արեց այս լուրը և՛ ինձ, և՛ իմ գործընկերներին։ Լուրը նոր է, խորը մեկնաբանություն չեմ կարող անել։ Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել բարեկամներին, հարազատներին, վստահ եմ՝ շուտով կիմանանք մանրամասները այս ամենի։
Այս դեպքը տարբեր մեկնաբանությունների և տարբեր հետևությունների առիթ է, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ կասի նախաքննող մարմինը՝ ինչն է եղել պատճառը։ Շատ ցավում եմ»,-նշեց նա։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը՝ մահացու հրազենային վիրավորումով: Ոստիկանները բնակարանի զննության ժամանակ հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել։