Ազատ խոսք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում որևէ նկարահանում չի թույլատրվում՝ նույնիսկ Հ1-ի

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում որևէ նկարահանում չի թույլատրվում՝ նույնիսկ Հ1-ի

Ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Տևական ժամանակ է, որ ես բարձրաձայնում եմ առողջապահության ոլորտի առջև ծառացած խնդիրների և ոլորտի այսօրվա ղեկավարության ապիկար աշխատաոճի մասին:

Այսօր այդ աշխատաոճի արգասիքները տեսնում են և իրենց խաբված են համարում բոլորը…

Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի այդ համոզմունքը ապրում է յուրովի՝ քաղաքացին տեսնում է, որ մինչև հիմա հսկայական գումարներ է ծախսում իր առողջությունը վերականգնելու վրա, բժիշկը տեսնում է, որ իր կոլեգային ոստիկանություն են տանում, պատգամավորը տեսնում է, որ կառուցողական քննադատությանը տրվում է ստոր ձևակերպում և այս ամենը գրեթե ամեն օր:

Առողջապահության ոլորտի՝ նախարարի և իր թիմակիցների կողմից արհեստականօրեն ստեղծվող այս խառնաշփոթը ձեռնատու է միայն նախարարին և իր թիմակիցներին, քանզի խառնաշփոթի մեջ նրանք կարողանում են թաքցնել սեփական ապիկարությունը:

Առողջապահության նախարարի թիմը արդեն նույնիսկ չունի համախոհներ բժիշկների շրջանում և դրանով է պայմանավորված, որ այս կամ այն պաշտոններին՝ կլինի դա փոխնախարար թե հիվանդանոցի տնօրեն, նախարարը նշանակում է ՊԵԿ տեսուչներ՝ պատճառաբանելով դա նրանով, որ իրենք ընդամենը «ադմինիստրատիվ աշխատող» են:

Ոլորտում հաստատվում է բռնապետություն: Բժիշկների նկատմամբ կիրառվում են ռեպրեսիաներ՝ ընդհուպ մինչև ոստիկանության ներգրավում: Նման երևույթ չի եղել երբևիցե:

Նախարարությունը քողարկում է իրենց տապալված ծրագրերի մասին տեղեկատվությունը… նախարարությունը վտանգի տակ է դնում ազգային անվտանգությունը:

Չե՞ք կարծում, որ խիստ տարօրինակ է, որ կորոնավիրուսի տարածման վտանգի առկայության դեպքում՝ հիվանդների հոսպիտալացման և բուժման հիմնական դերակատար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավարությունը և անձնակազմը լռում են, այնինչ կան բազմաթիվ հոսպիտալացված մարդիկ «կորոնավիրուսի» կասկածով:

Չե՞ք կարծում, որ տարօրինակ է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում որևէ նկարահանում չի թույլատրվում՝ նույնիսկ Հ1-ի նկարահանումները:

Այ սա է խուճապ առաջացնում՝ փակ աշխատանքը:

Իսկ ի՞նչ է անում նախարարությունը, որպեսզի թեման ցրի… ճիշտ է՝ «զբաղմունք» է հորինում «ժողովրդի» համար, որպեսզի շեղի ուշադրությունը՝ աշխատանքից ապօրինի հրամանով ազատում է «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» տնօրենին և ողջ լրատվական դաշտի ու մասնագիտական հանրության ուշադրությունը ֆիքսվում է այդ փաստի վրա և մի պարզ հարց մնում է անպատասխան՝ ինչպե՞ս է պատահում, որ Իրանում և Վրաստանում, որտեղ ամեն օր մեր քաղաքացիների ելումուտն է լինում, առկա են «կորոնավիրուսով» հիվանդներ, իսկ մեզ մոտ, որտեղ սահմանները ուշ փակվեցին և որտեղ բժշկական դիմակները «առողջապահության նախարարի» գնով են վաճառում՝ «կորոնավիրուս» չկա:

Հարգելի ընկերներ, կոլեգաներ, հետևորդներ,

մեզ վրա է մնալու տապալված առողջապահական համակարգի վերակենդանացման ամբողջ բեռը… Համախմբումը անխուսափելի է… օր առաջ պետք է համախմբվել, որպեսզի հնարավոր լինի դիմակայել երկրի առողջապահական ոլորտում տեղի ունեցող ապօրինություններին և անարդարություններին»:

Կիսվել էջում