Ձերբակալվել են քրեական հեղինակություններ (Տեսանյութ)
Ձերբակալվել են քրեական հեղինակություններ (Տեսանյութ)
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունը սկսեցին իրացնել հուլիսի 3-ից: Ըստ տեղեկության` Հայաստանի քաղաքացի մի տղամարդու այս տարեսկզբին բիզնես առաջարկ էր արել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող նրա ծանոթը:
Յուրաքանչյուրը պետք է ներդներ ընդամենը 1 600 դոլար, սակայն ՀՀ քաղաքացին ինչ-ինչ պատճառներով չէր կարողացել կատարել իր բաժին ներդրումը:
Կարճ ժամանակ անց ՌԴ քաղաքացին չկայացած գործընկերոջը հայտնել էր, որ բիզնեսը սկսել է ուրիշի հետ, իսկ ուշացման պատճառով ծախսել է 50 հազար դոլար, և այդ գումարը պետք է ստանա իրենից: Այս բարդ մաթեմատիկայից հետո նա հայտնում էր, որ գումարը կստանա հանցավոր հեղինակությունների միջոցով:
Նման դեպքերում քրեական ենթամշակույթ կրողների բոլորովին էլ ոչ բարեգործական նպատակներով այցը սովորաբար չի ուշանում: Այդպես եղավ և այս անգամ: Որպես գումարը ստացող ներկայացավ մի հրազդանցու գլխավորած 5-6 հոգանոց պատվիրակությունը:
Վերցրին ՀՀ քաղաքացու մեքենան, այն վերադարձնելու դիմաց պահանջեցին ու ստացան 1,5 միլիոն դրամ:
Սրանով, սակայն, մաթեմատիկական խնդիրը դեռ լուծված չէր: Մայիս ամսին գործին միջամտում է նաև ՌԴ քաղաքացու հայրը, որը վերոհիշյալ հրազդանցի հեղինակության հետ հանդիպում է ՀՀ քաղաքացուն:
Նրան նստեցնում են մեքենան ու, կամքին հակառակ, տեղափոխում մայրաքաղաքի Խանջյան փողոցում գտնվող չգործող սրճարան: Այստեղ նրան ազատությունից զրկելով՝ ծեծում են ու պահանջում 50 հազար դոլարը:
Նա ստիպված համաձայնում է, իսկ հաջորդ օրը նույն` գողական մաթեմատիկայի տրամաբանությամբ նրան հայտնում են, որ պարտքն արդեն ոչ թե 50, այլ 250 հազար դոլար է, որի դիմաց կարող է իրենց զիջել բնակարանը:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների տրամաբանական ավարտը հուլիսի 20-ին էր: Նույն չգործող սրճարանում նրանք հայտնաբերում են հրազդանցի երկու տղամարդու, իսկ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում` ՌԴ քաղաքացու հորը:
Երեքն էլ ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ձերբակալվել են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Առաջադրվել է մեղադրանք՝ մարդուն առևանգելու, շորթման և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հատկանիշներով:
Նշենք, որ վերջին մեղադրանքն առաջացնում է պատիժ՝ ընդհուպ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում: