Հայաստանը համաճարակային առումով գտնվում է ակտիվ փուլում, շրջանառվում է նաև «օմիկրոն» շտամը
Հայաստանը համաճարակային առումով գտնվում է ակտիվ փուլում, շրջանառվում է նաև «օմիկրոն» շտամը
Armtimes.com-ը գրում է․ «Օմիկրոն» շտամի հետևանքով աշխարհում գրանցվել է 398 միլիոն 957 հազար դեպք: Օրական հաստատված դեպքերը հատում են 3 միլիոնի շեմը:
Վերջին շրջանում վարակն ակտիվորեն տարածվում է ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում: Նշված երկրներում նոր շտամը փոխել է համաճարակային պատկերը:
Համաճարակային պատկերը փոխվել է նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Երևանի պետական բժշկական համալսարանի ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ հիմա Հայաստանը համաճարակային առումով գտնվում է ակտիվ շրջանում:
«Օրական ունենում ենք արդեն 2000-ից ավելի դեպք, սակայն թվերը կարող են նաև շատ լինել, քանի որ մարդիկ կան, որոնք թեստավորվում են, պատասխանը դրական է լինում, նրանց ընտանիքի անդամներն այլևս չեն թեստավորվում, որովհետև նույն ախտանշաններն ունեն:
Կամ մարդիկ թեստավորվում են ռապիտ թեստերի միջոցով, որի դեպքում «Արմեդ» համակարգում տվյալները չեն մուտքագրվում»,- պարզաբանեց նա:
Տեր-Ստեփանյանի խոսքով՝ դրական դեպքերը կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության մեջ վիրուսի նկատմամբ միասնական իմունիտետ չի ձևավորվել: Թեև «օմիկրոն»-ը թեթև ընթացք է ունենում, և հնարավոր է լինում ծանր դեպքերից խուսափել, համաճարակաբանը նշեց՝ «օմիկրոն»-ը հիմա գերակշռող է ամբողջ աշխարհում:
«Հետազոտությունների համաձայն՝ հոսպիտալացման հավանականությունն «օմիկրոն» շտամի դեպքում 75 տոկոսից ավելի ցածր է, քան «դելտա» շտամի պարագայում էր: Դա է պատճառը, որ առողջապահական համակարգի գերծանրաբեռնում թվերի աճին զուգահեռ այս պահին չկա»,- ասաց նա: