Կնոջս կանչում են դպրոց, ուսմասվարն ասում է․ «Ձեր աղջիկը սատանիստ է»․ Էդուարդ Զորիկյան
Կնոջս կանչում են դպրոց, ուսմասվարն ասում է․ «Ձեր աղջիկը սատանիստ է»։ Բանաստեղծ, երգահան, սցենարիստ, բեմադրիչ Էդուարդ Զորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սատանիզմ»-ի մասին։
Աղջիկս դպրոցական էր։ Օրերից մի օր կանչում են դպրոց, կինս գնում է։ Ուսմասվարն ասում է․
– ձեր երեխան սատանիստ է։
Կինս, զարմացած, հակադարձում է, թե էս ի՞նչ եք ասում․ նման բան հնարավոր չէ՛։ Ուսմասվարը սկսում է պատմել, որ ինքը երկար տարիների փորձ ունի, որ երեխաների հանդեպ շատ ուշադիր է և դստերս ձեռքին ինչ-որ թևնոց է տեսել՝ գանգով։
Կինս ժպտում է, ասում, որ դա տարիքային երևույթ է, որ որոշակի տարիքում երեխաները ձգտում են ինքնատիպ լինել, որ սկսում են աշխարհի դեմ ըմբոստանալ, հակադրվել և այլն և այլն, այսինքն սկսում է ուսուցչուհուն բացատրել երեխաների անցումային տարիքի ֆիզիոլոգիական փոփոխությունների մասին, նաև ասում է, որ երեխան ռոք է լսում, ինչն իր ներաշխարհի հետ, իր տարիքում, համահունչ է։
Ուսմասվարը, թե․
– հենց էդ ա, բա ես ի՞նչ եմ ասում, ձեր աղջիկը սատանիստական երաժշտություն ա լսում։ Կինս նորից հակադարձում է, պատմում, որ ինքն էլ է երիտասարդ տարիքում ռոք լսել, որ ձայնապնակների մեծ հավաքածու ունի, բայց դա չի նշանակում, որ սատանիստ է եղել։
Մի խոսքով չերկարացնեմ․․ ինչ-որ պահի կինս հարցնում է․
– որպես ուսուցիչ, որպես ուսմասվար, որպես տարիների փորձ ունեցող մասնագետ, երեխայի ընդհանուր զարգացման համար, ի՞նչ խորհուրդ կտայիք լսել։
Վերջինս տանում-բերում, թե Արմենչիկ թող լսի, ինչին կինս խիստ տոնով ասում է․
– կանացի ձայնով թմբլիկ տղաների թուրքական կլկլոց լսելը մեր տանն արգելված է։ Ավելի լավ է աղջիկս ձեր իմացած «սատանիստ»-ը լինի, քան թուրքահաճո կլկլոցի կարմիր պրոպոգանդիստը դառնա։
Սրանով թեման փակվում է։
Երկար տարիներ մեր վզին փաթաթում էին թուրքական կլկլոցով, ծվծվիկ ձայնով կատարվող, ռաբիզ կոչվող անիմաստ ոռնոցը, ինչը հայության որոշակի շրջանում դաստիարակում էր մատների արանքով նայել շուրջը կատարվող սպանություններին, խաբեությանը, թալանին, անարդարությանը, այսինքն բնույթով ստրկամիտ էր դարձնում։ Ու հիմա էլ, առանց ամոթի, սատանիզմից են խոսում ու խոսում են հենց այն մարդիկ, որքեր մասնակից են եղել վերը թվարկածին։ Գոնե լռե՛ք․ ձեր ճղճիմ էությունը ջրի երես մի՛ հանեք»։