Մամուլ

Խրիմյան Հայրիկի կյանքը անմնացորդ նվիրումն եղավ Հայրենիքին, հարազատ ժողովրդի բարօրությանը

Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ) պատմական այն դեմքերից է, որ իրենց ժամանակակիցների աչքում արդեն առանձնանում են հասարակ մահկանացուներից, դառնում խորհրդանիշ, օրինակ, ուղեցույց: Հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոսը, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող։

Ծնվել է 1820 թվականին Վանում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում։

Մ. Խրիմյանի կյանքը անմնացորդ նվիրումն եղավ Հայրենիքին, նրա մշտական հոգսն ու մտասևեռումը՝ հարազատ ժողովրդի բարօրությունը:

Խրիմյանը ծավալել է եռանդուն գործունեություն հայ գյուղացու ծանր վիճակը թեթևացնելու, թուրք և քուրդ աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ։

Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով։ Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը։

1868 թվականին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869 թվականին Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։

1892-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել նրան թուրքահպատակությունից ազատել, և միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջնորդությամբ նրան թույլատրվել է ժամանել Էջմիածին։

1893-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

Խրիմյան Հայրիկ

Շատ ուշագրավ է մի մանրավեպ, որ վերաբերում է Հայրիկի կաթողիկոսության շրջանին և ժամանակին պատմել է մեծն Կոմիտասը: Գերմանացի մի հնախույզ հետաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով: Երբ Էջմիածնում նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս դիմում է թարգմանչին:

– Ըսեք, որ ես թանկագին հնություն մը ունիմ. քանի՞ տարվան կենթադրե:

– Հինգերորդ դարի, – փորձում է գուշակել հնագետը:

– Անկեց ալ հին, – հուշում է կաթողիկոսը:

– Քրիստոսի ժամանակվա:

– Անկեց ալ հին:

Հնախույզի աչքերը վառվում են հետաքրքրությունից, որ աստիճանաբար փոխվում է ոգևորության.

– Տեսնեմ, Վեհափառ, ինչ է այդ թանկագին հնությունը:

– Իմ ազգս է, – կշտամբող շեշտով պատասխանում է Խրիմյան Հայրիկը, – Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը: Անտեսած այս թանկագին հնությունը՝ հին քար մը կամ առարկա մը փնտրելու կելլեք:

1907-ի նոյեմբերի 10-ին վախճանվեց առաքյալը, և ժողովուրդն իրեն որբ զգաց: Հայ­րի­կի ա­ճիւն­նե­րը ի­րենց մնա­յուն դամ­բա­րա­նը ու­նե­ցան Ս. էջ­միած­նի ­Մայր ­Տա­ճա­րի մուտ­քին։ Մին­չեւ իր վեր­ջին շուն­չը Խ­­րի­մեան ­Հայ­րիկ յաղ­թա­հա­սակ կանգ­նե­ցաւ հայ ժո­ղո­վուր­դի հո­գեմ­տա­ւոր ա­ռաջ­նոր­դի իր բարձ­րու­թեան վրայ։

Խրիմյան Հայրիկը իր ազգանպաստ գործունեության ձիգ ու քարքարոտ ճանապարհին առաջնորդվել է մի սևեռուն գաղափարով, ազատագրել Հայաստանը բռնատիրության ճիրաններից, աշխարհով մեկ սփռված հայերին հավաքել հայրենիքում, հոգեվոր ու նյութական բոլոր ուժերը կենտրոնացնել երկրում և ստեղծել այնպիսի պայմաններ, որ այլևս հայը չհեռանա իր դրախտանման ոստանից. նրան տանջում էր այն պարագան, որ գեղջուկը հարկադրված թողնում էր իր սրբազան հողը ու գնում թախտ որոնելու օտար երկինքների տակ:

Գաղթավայրը, որքան էլ բարգավաճ ու խոստումնալից, պանդուխտ հայի համար դրախտավայր չէր կարող լինել:

«Յոյսերդ յԱստուած եւ ի քեզ ժողովէ, վհատեալ ժողովուրդ, եւ գո՛նէ գիտցիր այսուհետեւ թէ` դու ինքդ ես միայն քեզ օգնական» – Խրիմյան Հայրիկ։

Կիսվել էջում