Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանն ու Անդին՝ Ձախ Հարութի երևանյան մենահամերգին․ երեկոյի հետաքրքիր պահերը՝ ֆոտոշարքով
Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանն ու Անդին՝ Ձախ Հարութի երևանյան մենահամերգին: «Հրազդան» մարզադաշտի ճանապարհին երեկ նոստալգիկ մթնոլորտ էր․ Ձախ Հարութի երկրպագուները շտապում էին նրա մենահամերգին:
Այս անգամ, ի տարբերություն երիտասարդների, «շատախոսում» էին մեծահասակները, հիշում, թե ինչպես էին 30 տարի առաջ ուսանողական ընկերների հետ գալիս Ձախ Հարութի համերգին։ Կանայք չեն մոռացել իրենց սենյակում փակցված պաստառները՝ Հարութ Փամբուկչյանի լուսանկարով, իսկ տղամարդիկ մտաբերում են, թե ինչպես էին ժամանակին կրկնօրինակում նրա սանրվածքը։
Tert.am Life-ը ներկա է եղել Հարութ Փամբուկչյանի «30 տարի անց «Հրազդան» մարզադաշտում» խորագրով համերգին, զրուցել կատարողի հետ և լուսանկարել ամենահետաքրքիր դրվագները։ Համերգին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առաջին տիկին Աննա Հակոբյանը:
Ամեն ինչ սկսվել է 1989 թվականին, երբ Հարութ Փամբուկչյանը 6 օր համերգներով հանդես է եկել նույն մարզադաշտում: Կատարողը համերգներից ստացած հասույթն ուղղել է բարեգործության՝ 1988 թվականի երկրաշարժից հետո աղետի գոտում տուժածների օգնության ֆոնդին։ 30 տարի անց երգիչը որոշել է կրկնել անմոռանալի էներգետիկայով համերգը: Այս անգամ մարզադաշտում հավաքվել էին ինչպես այն սերնդի ներկայացուցիչները, որոնք մեկ անգամ արդեն եղել են համերգին, այնպես էլ նոր սերնդի ներկայացուցիչները։
Սիրված ու հայտնի ստեղծագործություններ, բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր և նոր կատարումներ։ Ինչպես երգիչը ձևակերպեց, տրամադրությունը յուրահատուկ բարձր է։
Հարութ Փամբուկչյանը խոսեց իր զգացողությունների մասին՝ ասելով, որ դրանք դեռ թարմ են ու երկար ժամանակ թարմ կմնան։ «30 տարի անց ժողովուրդը դարձյալ այստեղ է՝ չնայած սերունդներ են մեծացել և այսօր ներկա են նաև նոր սերնդի ներկայացուցիչներ, ինչն իրոք առանձնահատուկ հաճելի է ինձ համար։ Իսկապես անչափ մեծ ուրախություն է, որ այսքան տարի մարդիկ չեն դադարել լսել իմ ստեղծագործությունները, ավելին՝ դեռ հետաքրքրվում են ինձնով, իմ ներկայացրած արվեստով, իմ երգ-երաժշտությամբ»,- ասաց երգիչը։
Չնայած տարիների փորձին, նրա խոսքով, հուզվում է այնպես, ինչպես հուզվել է դեռ 30 տարի առաջ։ «Սրանից ավելի երջանիկ բան ես չէի կարող պատկերացնել։ Վստահ եմ՝ ցանկացածն էլ ուրախ ու երջանիկ կլիներ՝ գիտակցելով, որ իր ժողովուրդը չի մոռանում իր երգերը, շարունակում է լսել։ Զգում եմ, որ տարիների իմ արած գործն իզուր չի անցել»,- ասաց կատարողը։
Վերջինիս իրենց ելույթներով շնորհավորելու էին եկել Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Լիլիթ Հովհաննիսյանն ու Անդին։ Հարութ Փամբուկչյանի խոսքով՝ չնայած տարիքային տարբերությանը, իրենք կարողանում են ընկներներ լինել։ Չնայած եղանակային պայմաններին՝ սառը քամուն, հանդիսատեսը մինչև վերջ մնաց 4 ժամ տևած համերգին։
Պետք է ելույթ ունենար նաև Ռազմիկ Ամյանը, որը, սակայն, չերգեց համերգին: Այս մասին պարզաբանումը կներկայացնենք քիչ ուշ:
Աղբյուր՝ tert.am