ՄամուլՏեսանյութ

Ինչպես Դվինի Արտակին հաջողվեց ապօրինի շինարարություն անել․ «Ժողովուրդ»

Ինչպես Դվինի Արտակին հաջողվեց ապօրինի շինարարություն անել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետ ընտրված Հրաչյա Սարգսյանը պաշտոնավարման առաջին երեք ամիսների ընթացքում հասցրել է օրինականացրել Հայաստանի ամենաթանկ ծառայություններից մեկը մատուցող «Դվին» հյուրանոցային համալիրի անօրինական կառուցված մոտ 16 հազար քառակուսի մետր տարածքը:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Երեւանի քաղաքապետարանից:

2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանի դերասան քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ապօրինի շինություն կա «Դվին» հյուրանոցի վրա: «Ասեմ ավելին՝ բացի այդ ապօրինի կառուցված երկու հարկից, հենց համալիրի վրա տարօրինակ երկուհարկանի մի կառույց էլ է ավելացել՝ ապակեպատ:

«Դվին» հյուրանոցի հետեւում գտնվող շենքի վրա են հարկեր ավելացվել, եւ դրա հետ կապված կառուցապատողը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ երկու հարկերը պետք է վերացնի, կա՛մ ամբողջ շենքը որպես ինքնակամ կառույց պետք է օրինականացվի»,- վճռական հայտարարեց Հայկ Մարությանը, ու այլեւս չիմացվեց՝ հարցն ինչպես լուծվեց։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան՝ պահանջելով հայտնել, թե ինչպես լուծվեց ապօրինի կառուցված հարկերի հարցը:

Ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են. «26.11.2021թ. Երեւանի քաղաքապետարան է դիմել ««Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն՝ կապված ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ.

«Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» հ.912-Ն որոշման շրջանակներում Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոց հ.40 հասցեում նախագծային շեղումներով կառուցվող եւ ինքնակամ կարգավիճակ ձեռք բերած շինության օրինականացման հետ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից 06.12.2021թ. տրվել է մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա՝ կայացվել է Երեւանի քաղաքապետի 03.02.2022թ. հ.330-Ա որոշումը՝ ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին:

Որոշմանը կից տրամադրվել է համապատասխան նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) օրինականացվող կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու նպատակով»:

Տեղեկացանք նաեւ, որ ընդհանուր օրինականացվել է ապօրինի կառուցված 15823.85 քառ. մետր կառույց, որի համար 228654633 (երկու հարյուր քսանութ միլիոն վեց հարյուր հիսունչորս հազար վեց հարյուր երեսուներեք) դրամ 09.03.2022թ. ««Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն վճարել է Երեւան համայնքի բյուջե:

Այսպիսով, ստացվում է, որ երբ Արտակ Թովմասյանը Հայրենիքի փրկության շարժման օրերին Բաղրամյան փողոցում սպիտակ վրաններ էր տեղադրել ու պայքարում էր հայրենիքի փրկության համար, ՔՊ-ական քաղաքապետը սպառնաց նրան քանդել «Դվին»-ի ապօրինությունները, իսկ երբ Արտակ Թովմասյանի դրած վրանները «քամին տարավ», ինքն էլ մոռացավ հայրենիքի փրկությունը, ոչ միայն օրինականացվեցին ապօրինի տարածքները, այլեւ շինթույլտվություն տրվեց ապօրինությունը մինչեւ վերջ կատարելու համար:

Շարունակելի…

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Կիսվել