Մամուլ

Ի՞նչ հետևանքներ կունենա ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի համար

Ի՞նչ հետևանքներ կունենա ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի համար

News.am-ը գրում է․ Վերջին ամիսներին Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական լարվածությունը հանգեցրեց լայնամաշտաբ պատերազմի, որն, անշուշտ, իր մեծ ազդեցությունը կթողնի նաև համաշխարհային տնտեսության վրա։ Հայաստանը ևս այս ամենից անմասն չի մնա։

2014 թվականից Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որի առանցքը Ռուսաստանի Դաշնությունն է։ Համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը մեծ հարված էր հասցրել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին․ Ռուսաստանի տնտեսության անկումը կազմում էր 3 տոկոս, Հայաստանինը՝ 7,4 տոկոս, Բելառուսինը՝ 0,9 տոկոս, Ղազախստանինը՝ 2,5 տոկոս և Ղրղզստանինը՝ 8,6 տոկոս։

2021 թվականը Ռուսաստանի տնտեսության համար դարձավ վերականգման տարի․ տնտեսական աճը կազմեց 4,4 տոկոս, որին նպաստեցին համաշխարհային շուկայում բնական գազի գնի աճը և դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման ավելացումը։

eatm

Հատկանշական է, որ 2021 թվականին Ռուսաստանի տնտեսությունն ամբողջությամբ վերականգվեց, իսկ Հայաստանինը՝ ոչ։ 

2021 թվականը հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների առումով ձեռքբերումների տարի էր․ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 847 մլն դոլար, որ նախորդ տարվա համեմատ աճել է 24,5 տոկոսով։ Միաժամանակ աճ է արձանագրել Ռուսաստանից ներկրումը, որը 2021 թվականին կազմել է 1,9 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 19,2 տոկոսով։

Հայաստանի արտահանման մեջդեպի Ռուսաստան արտահանումը կազմում է28 տոկոս, իսկ ներմուծումը՝ 33.3 տոկոս: Ռուսաստան արտահանվում են հիմնականում պատրաստի և վերջնական սպառման ապրանքներ (պահածոներ, գինի, կոնյակ, գյուղմթերք, զարդեր և այլն), որոնք ավելի մեծ օգուտ են բերում Հայաստանի տնտեսությանը։ Ռուսաստանից ներկրում են էներգակիրներ, մետաղներ, շինանյութ և լայն սպառման ապրանքներ։

Արևմտյան տնտեսական պատժամիջոցները կդանդաղեցնեն Ռուսաստանի տնտեսության զարգացումը։ Ներդրումների կրճատումը և բացասական սպասումները կտրուկ կարժեզրկեն ռուսական ռուբլին, ինչի հետևանքով կթանկանան  ներկրվող ապրանքների գները, այդ թվում՝ հայկական ապրանքների գները կբարձրանան ռուսական շուկայում մարդկանց եկամուտների նվազման պայմաններում։

Այսինքն՝ ռուսական ռուբլու շարունակական արժեզրկումը կարող է հանգեցնել Հայաստանից արտահանման կրճատման։

Հայաստանի անկախացումից ի վեր Ռուսաստանի Դաշնությունը հանդիսացել է արտագնա աշխատանքի մեկնելու հիմնական ուղղությունը։ Ամեն տարի Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեկնում են ՌԴ՝ աշխատելու նպատակով, ինչը թույլ է տալիս խոշոր դրամական փոխանցումներ ստանալ։

Մասնավորապես՝ 2021 թվականի ընթացքում ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Ռուսաստանից Հայաստան են փոխանցել 865 մլն դոլարի տրանֆերտներ, որը կազմում է ամբողջ տրանսֆերտների շուրջ 41 տոկոսը։ Առանց այդ գումարների (օգնության) Հայաստանում ապրող մարդկանց մի մասն ուղղակի չի կարող գոյատևել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել