Աշխարհ

Ի՞նչ է հայտնի «Տիտան» սուզանավում զոհվածների մասին

Ի՞նչ է հայտնի «Տիտան» սուզանավում զոհվածների մասին

News.am-ը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ «Տիտանիկի» մոտ ուղեւորվող «Տիտան» սուզանավի անձնակազմը զոհվել է։  Փորձագետները կարծում են, որ սուզանավը կործանվել է բարձր ճնշման պատճառով։

Սուզանավում հինգ մարդ կար.

58-ամյա բրիտանացի գործարար եւ հետազոտող Հեմիշ Հարդինգ։ Բրիտանացի միլիարդատերը գլխավորում էր մասնավոր ինքնաթիռների վաճառքի Action Aviation ընկերությունը, որը տեղակայված է Դուբայում։

Բարեկամները նրան անվանում էին արկածախնդիր հետազոտող, որը նետվում էր ամենաանհավանական ձեռնարկների հետեւից։

48-ամյա գործարար Շահզադա Դավուդը Պակիստանից։ Բրիտանացի գործարար Շահզադա Դավուդը Պակիստանի ամենահարուստ ընտանիքներից մեկից էր սերում։ Դավուդը Պակիստանի Engro Corporation-ի՝ պարարտանյութերի ամենախոշոր արտադրողի փոխնախագահն էր։

Դավուդի 19-ամյա որդին՝ Սուլեմանը։ Սուլեման Դավուդը ավարտել էր ուսման առաջին տարին Գլազգոյի Սթրատկլայդի համալսարանի բիզնես-դպրոցում։

Հարազատներն ասում են, որ նա շատ էր տարված գիտական ֆանտաստիկայով, վոլեյբոլով եւ սիրում էր հավաքել Ռուբիկ-կուբիկ խորանարդը, տեղեկացրել է BBC-ն։

61-ամյա Սթոկտոն Ռաշը OceanGate ընկերության տնօրենն էր, որը կազմակերպել էր արշավը։ Ռաշը փորձառու ինժեներ էր։ Ավելի վաղ նա ստեղծել էր փորձնական ինքնաթիռ, բայց կյանքի մեծ մասը նվիրել է սուզանավերի եւ սարքերի մոդելների ստեղծմանը։

Սթոկտոն Ռաշը հիմնել է OceanGate 2009թ.։ Սկզբում ընկերությունը պարզապես առաջարկում էր խորջրյա ուղեւորություններ։ «Տիտանիկի» խորտակման տեղում արշավ կազմակերպելու գաղափարը ծնվել էր 2021-ին։

77-ամյա ֆրանսիացի հետազոտող Փոլ-Անրի Նարժոլեն ամբողջ աշխարհում հայտնի ստորջրյա հետազոտող է, Ֆրանսիայի ռազմածովային նավատորմի  նախկին ջրասուզակ։ Նա «Տիտանիկի» նավակմախքի մոտ ավելի շատ ժամանակ է անցկացրել, քան ցանկացած այլ հետազոտող, ինչի համար ստացել է «Միստր Տիտանիկ» անունը։

Առաջին անգամ «Տիտանիկի» կմախքի մոտ իջել է 1987թ.՝ նավի հայտնաբերվելուց երկու տարի հետո։

Կիսվել էջում