Մամուլ

Թուրքը Բերդաշենից 6-ից 8 կմ ներքեւ է, իմ հողատարածքում էլ 200 մետր խախտում են արել․ Բերդաշեն գյուղի բնակիչ

Թուրքը Բերդաշենից 6-ից 8 կմ ներքեւ է, իմ հողատարածքում էլ 200 մետր խախտում են արել․ Բերդաշեն գյուղի բնակիչ

NEWS.am-ը գրում է․ Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում թուրք չկա, թուրքը Բերդաշենից 6-ից 8 կմ ներքեւ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Կամո Աղաջանյանն՝ անդրառնալով տարածված այն լուրերին, թե հակառակ պայմանավորվածությունների, ադրբեջանական զորքը փորձում է գրավել Բերդաշենը։

«Գյուղի տակով «տռաս» է անցնում, թուրքն էնտեղ է, մեր այգիներն ու դաշտերն էլ են էնտեղ։ Էդ «տռասում» հատվածներ կան, որ մեր վարչական տարածքներն են, կա, որ իրենցն է եղել ԼՂԻՄ-ի ժամանակ։

Հիմա թուրքի ու ռուսի ներկայացուցիչները եկել են ու սահմաններ են դնում։ Անձամբ իմ հողատարածքում 200 մետր խախտում են արել, ու ռուսն էլ դրան էնպես չի արձագանքում, ոնց որ պետքն է, թուրքը ոնց ասում է, այնպես էլ սահմանը գծում են։ GPS-ը ձեռքն ասում է՝ սահմանը սա է եղել, բայց դա չի եղել»,- ասաց Կամո Աղաջանյանը։

Բերդաշեն գյուղ

Ըստ նրա՝ տեղի իշխանությունները պասիվ  են։

Նա պատմեց, որ ինքը Մարտունի վարչական շրջանի ղեկավար Արտակ Մելքումյանի հետ կապ հաստատել չի կարողացել, դեպքի վայրում միայն գյուղապետն է եղել.

«Չգիտեմ՝ ո՞ւր են, պետական սահման են դնում, գոնե էդ վախտ գան միջամտեն մի բան անեն։ Անձամբ ես եմ թուրք գեներալների, ռուս գնդապետի հետ խոսել, բացատերել, որ սա Բերդաշենի վարչական տարածքն է։ Ես Մելքումյանին տարածքում չեմ տեսել, գուցե ինձնից հետո եկել է, բայց ես չեմ տեսել։ Թուրքն ասում է՝ սա է GPS-ը, քարտեզը, չե՞ս ուզում խաղաղությունը, ասացի՝ ժամանակը ցույց կտա։ Գյուղապետն էլ է միջամտել խոսակցությանը, բայց ի՞նչ, մենք շատ փոքր մարդ ենք էդ հարցը լուծելու համար»։

Կամո Աղաջանյանի համոզմամբ՝ այս պահին գյուղը վտանգված չէ, այսօր էլ իր ընտանիքի անդամների հետ այգում նուռ է հավաքել։

«Թուրքն ինձ էր նայում էր, ես էլ՝ իրեն։ Հետագայում, թե ինչ կլինի՝ չեմ կարող ասել, կարող է եղբայրություն անենք, կարող է նորից վերսկսվի կռիվը, բայց ներկա պահին գյուղում հանգիստ է»,- հավելեց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել