Թշնամին շրջապատել է Ներքին Հանդը՝ չորս կողմից դիրքեր են դրված
Թշնամին շրջապատել է Ներքին Հանդը՝ չորս կողմից դիրքեր են դրված
Hraparak.am-ը գրում է․ Սեպտեմբերի 13-ի պատերազմից հետո առանց այդ էլ բարդ վիճակում հայտնված Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի բնակիչները նոր խնդիրների առաջ են կանգնել։
Պատերազմից հետո ադրբեջանցիները կարողացել են նորից առաջանալ ու գյուղն արդեն չորս կողմից շրջապատված է թշնամական դիրքերով։
«Հիմա ադրբեջանցիները գյուղը շրջապատել են՝ չորս կողմից դիրքեր են դրված ու արդեն 200 մետր հեռավորության վրա։
Պատերազմը որ սկսվեց, մարդիկ կանանց ու երեխաներին տարհանեցին գյուղից, բայց տղամարդիկ բոլորն էլ գյուղում են, կանայք էլ, ովքեր ուզում են՝ գալիս-գնում են»,- «Հրապարակի» հետ զրույցում պատմեց Ներքին Հանդի բնակիչը, ով խնդրեց չհրապարակել իր անունը։
Վերջինս տեղեկացրեց, որ նախկինում լրագրողներին իրավիճակը ներկայացրած համագյուղացիներին նկատողություններ են տրվել ու հհրահանգել են սահմանափակել շփումները լրագրողների հետ։
«Վերջին պատերազմից հետո արդեն մեր սեփականաշնորհած հողերում են եկել նստել։ Աշնանային բերքը այգիներից ու հողատարածքներից չկարողացանք հավաքել՝ ամբողջը մնաց ադրբեջանցիներին։
Չթողեցին, որ մեր ցանած լոբին, լոլիկը, վարունգը հավաքենք, էլ չեմ խոսում սև սալորի, դեղձի ու արքայախնձորի հսկայական այգիների մասին՝ ամբողջը մնաց թշնամուն»,- ցավով պատմեց Ներքին Հանդի բնակիչը։
Նա ասաց նաեւ, որ պատերազմից հետո՝ հոկտեմբերի սկզբին իրենց են այցելել Մարդու իրավունքների պաշտպանը և Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, որոնք իրենց աչքերով են տեսել, թե ինչ պայմաններում են ապրում Ներքին Հանդի բնակիչներն ու հավելեց․
«Հիմա սեփական աչքերով տեսան, թե ինչպես ենք ապրում թշնամու մեջ, ինչ վտանգների մեջ ենք, հիմա մեր կաշվի մեջ եղան»։
Հարձակման օրը երեխաներին գիշերը չեն կարողացել տարհանել, քանի որ կրակը չի դադարել։
«Կարող էին տեսնել մեքենայի լույսերն ու կրակ բացել այդ ուղղությամբ՝ առավոտյան նոր տարհանեցինք երեխաներին։ Ամեն ինչից զրկվեցինք՝ ապրուստից զրկվեցինք, մերը դեռ շատ մեծ այգի չէր։
Գյուղացի ունենք, ում այգին հսկայական էր՝ տասը տոննա արքայախնձոր ուներ հավաքելու՝ ամբողջ մնաց թուրքին։ Վերջերս էլ մեր գյուղացիներից երկուսի անասունները արածելով գնացել էին իրենց արտովայրեր՝ թշնամին դա էլ գողացավ ու հետ չտվեց։
Բայց ապրում ենք գյուղում, ո՞ւր թողնենք մեր տունը, ո՞ւր գնանք։ Մենք ուրիշ գնալու տեղ չունենք, մեր տունն էլ չենք ուզում տալ ուրիշին։ Ապրում ենք, մինչև տեսնենք ինչ կլինի»,-ասաց Ներքին Հանդի բնակիչը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում