Մամուլ

Երևանում առնետը վերելակի մեջ կծել է 62-ամյա կնոջը․ Տեսանյութ

Երևանի կենտրոնում՝ Պուշկինի փողոցի բակերից մեկում առնետն օրեր առաջ վերելակի մեջ կծել է 62-ամյա Նվարդ Գասպարյանին։

Գասպարյանն «Ազատության»-ը պատմեց․ «Երկու տարեկան թոռնիկիս հետ բացեցինք դուռը, մտանք վերելակ: Նայեցի, որ մի բան չկար: Ինքը պախկված էր դռան հետևում: Դռները փակվեցին, ես նույնիսկ չհասցրեցի կոճակը սեղմել․․․ մի անտանելի ցավ, ոնց որ բրիտվաներով կտրում են: Գոռում եմ, ճչում եմ, ոտքս եմ թափահարում, ոչ մի բան չի օգնում: Ու լույսը անջատվեց վերելակի: Տեսա, որ քսան սանտիմետրոնոց մի առնետ մտավ վերելակի արանքը ու փախավ: Ու արյունը հոսում էր: Երբ որ շտապօգնություն մենք զանգահարեցինք, եկավ, վերելակի մեծ մասը արյան մեջ էր»: 

Գասպարյանը մինչև այսօր բուժում է ստանում: Այստեղ վխտացող առնետներն ազատ տեղաշարժվում են շքամուտքերում, մտնում են վերելակները, մարդկանց տեսնելիս չեն փախչում, տիրաբար նստում են աստիճանավանդակներում։ Համայնքապետարանի տրամադրած հատուկ թույնով մշակված կերն անգամ չի ազդում առնետների վրա։ 

Բնակիչները ստիպված են սեփական միջոցներով պայքարել այս վտանգավոր կրծողների դեմ՝ օգտագործելով մահակներ: Այս բակում առնետները գրավել են նաև մեքենաները՝ թաքնվում են շարժիչների ծածկոցների տակ: Քաղաքացիներն ասում են՝ նախկինում էլ խնդիր եղել է, բայց վերջին շաբաթներին առնետների քանակը տեսանելիորեն մեծացել է:

Առնետների նման ակտիվության պատճառը, ըստ բնակիչների, բարձրահարկ շենքերի գարշահոտ աղբատարերն․ «Խայտառակ վիճակ է էս վիճակը, անտիսանիտարական վիճակ է: Հարևանի վրա հարձակում է եղել: Այնքան շատ են, որ խմբով հարձակվում են: Լուրջ քայլեր պետք է ձեռնարկել»:

Մուտքերից մեկում լուծումը գտել են՝ մեկ ամիս է, ինչ բնակիչներն իրենց միջոցներով փակել են աղբատար խողովակը և այն վայրը, որտեղ հավաքվում է աղբը։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բնակիչների բացարձակ մեծամասնության համաձայնության դեպքում իրենք պատրաստ են վաղվանից իսկ սկսել աղբատարները փակելու աշխատանքները:

Աղբյուր՝ azatutyun.am

Կիսվել