Մշակույթ

Գալյա Նովենց. առաջին և վերջին հայ դերասանուհին, որին հաջողվել է արժանանալ Վենետիկի կինոփառատոնի լավագույն կանացի դեր մրցանակին

Գալյա Նովենց. առաջին և վերջին հայ դերասանուհին, որին հաջողվել է արժանանալ Վենետիկի կինոփառատոնի լավագույն կանացի դեր մրցանակին

«Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե աշխարհն ընչի է ըսպես ծուռ»… Հայտնի թևավոր խոսքը մեր մանկության ամենասիրված ֆիլմերից մեկից է՝ «Մեր մանկության տանգոն»: Ֆիլմը մի ընտանիքի օրինակով նկարագրում է հետպատերազմյան ծանր շրջանի Գյումրին:

Գալյա Նովենցը հայ կինեմատոգրաֆի այն դեմքերից է, որին անվերապահորեն վստահեց ու սիրեց հանդիսատեսը: Նրա ստեղծած կերպարները հայ կնոջ ինքնության արտացոլումն են՝ ուժեղ, տառապագին ճանապարհ անցած, բայց ներքին լույսը երբեք չկորցրած հայուհիներ:

Չնայած կինոդերերի ոչ մեծ ցանկին, տաղանդավոր դերասանուհին իր խաղով առանձնահատուկ հմայք է հաղորդել ազգային կինոյի այնպիսի ֆիլմերին, ինչպիսիք են «Բարև, ես եմ» կինոնկարը, որը դերասանուհու առաջին դերն էր կինոյում, «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետը», «Կտոր մը երկինքը», «Մեր մանկության տանգոն», «Խնձորի» այգին և այլն:

Գալյա Նովենցը մեծանում էր ավանդական հայկական ընտանիքում, ծնողները երաժշտական մարդիկ էին, բայց ապագա դերասանուհու ոգեշնչման գլխավոր աղբյուրը մորաքույրը՝ դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյանն էր՝ Խորեն Աբրահամյանի կինը, որին Գալյան Լուսիկ էր անվանում.

«Ես ծնվել եմ Երևանում։ Հայրս ծնողներին վաղ հասակում էր կորցրել, և ես տատ ու պապիս չեմ տեսել։ Մայրս արմատներով տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում։

Ծնողներս հասարակ մարդիկ էին, ու մեր ընտանիքն էլ պարզ, հայկական ավանդապաշտ ընտանիք էր։ Հայրս ժամանակին նվագել էր զինվորական նվագախմբում, իսկ մայրս շատ գեղեցիկ երգում էր։ Բացի այդ, մեզ հետ էր ապրում իմ մորաքույրը»:

Ալբերտ Մկրտչյանի 1984 թ.-ին նկարահանված «Մեր մանկության տանգոն» ֆիլմը ճակատագրական դարձավ և Նովենցի և հայ կինոյի ողջ պատմության համար: Այսպիսի Նովենց դեռ ոչ ոք ու երբեք չէր տեսել: Իսկ այս ֆիլմում խաղացած դերն այդքան փայլուն կերտելու պատճառներից մեկը, անկասկած, դերասանուհու Գյումրիում աշխատած տարիներն էին:

Հենց այս ֆիլմում կերտած կերպարի համար Նովենցն արժանացել է Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն կանացի դեր մրցանակին:

Առաջին և վերջին հայ դերասանուհին, որին հաջողվել է արժանանալ այս մրցանակին:

Կիսվել