ՄամուլՔաղաքականություն

Արցախում երիտասարդությունը կուչ եկած է ապրում երկու անուններից. պատգամավոր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այսօրվա՝ հունիսի 4-ի արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հայտարարեց՝ իրադրություն է փոխվել, Ապրիլն ամեն բան փոխել է.

«Հիմա երիտասարդությունն ասում է՝ «մենք էլ ենք կռվել, հայրենիք ազատագրելը քիչ է, պետք է ճիշտ ապրենք, ազնիվ, արդար ապրենք, ճնշումներ չպետք է լինեն»: Հետևաբար, մենք պետք է հետապրիլյան իրողություններն ընդունենք»,- հայտարարեց պատգամավորը:

Նա ընդգծեց՝ ուժայինների հետ խոսելիս պարզվում է՝ մարդիկ գիտեն խնդիրները, ուզում են դրանց լուծում տալ, բայց չեն կարողանում, քանի որ դրանք կուտակվել են: Խանումյանն ասաց, որ երկու անուններ է պատրաստվում հնչեցնել, ովքեր վախի մթնոլորտ են ստեղծում Արցախում. «Քաղաքի բոլոր տղաները երկու անուն են հնչեցնում: Ինձ բոլոր տեղերից զանգում են՝ ասելով, թե կմիանան մեզ, փողոց կփակեն, միայն թե խնդիրները լուծվեն: Սրա դեմը ինչպե՞ս պետք է առնվի: Այդ փաստերը որ վերլուծենք՝ գուցե տեսնենք, որ Հադրութում ֆեոդալական համակարգ է, որտեղ մասսայաբար իրավունքներ են ոտնահարվում՝ սեփականության, անհատ ձեռներեցության իրավունքից մինչև արժանապատվություն ոտնահարում: Հստակ երկու անուն է հնչել:

Մեկը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրնի տեղակալ Գագիկ Սարգսյանն է, ումից երիտասարդությունը զզված է: Նրա տղան ևս ապօրինություններ է անում քաղաքում: Մյուսը՝ ԱՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանն է ու իր եղբայրը, ովքեր իրենց լիազորություններից դուրս գործողություններն են կատարում»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ Արցախում երիտասարդությունը կուչ եկած է ապրում այս անուններից և նրանք պետք է պատասխան տան:

Նյութի աղբյուրը՝ lurer.com

Կիսվել