«Տղաներին քնեցրել են». հրդեհից մահացած զինվորի ծնողները չեն հավատում բենզինի վարկածին
«Տղաներին քնեցրել են». հրդեհից մահացած զինվորի ծնողները չեն հավատում բենզինի վարկածին
Hraparak.am-ը գրում է․ Ազատում զոհված ժամկետային զինծառայողների մարմինները տուն են հասել։ Երեկ տղաների մի մասի հոգեհանգստյան արարողությունն էր, մյուսներին արդեն հուղարկավորել են։
Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի ուսանող, Հոբարձ գյուղի բնակիչ Ռոստոմ Ասրյանի ծնողները երեկ են հուղարկավորել որդուն։ Հայրը՝ Արտակը, դաջվածքներից է ճանաչել որդուն, ԴՆԹ փորձանմուշ է հանձնել, ինչպես կարգն է պահանջում, Մարտունու դիահերձարանում կողքին է եղել, տեսել է ու հատ-հատ ճանաչել որդու դաջվածքները։
«Հինգ դաջվածքից չորսը երեւում էին։ Եթե դաջվածքները չլինեին, չէի ճանաչի։ Երեխեն անճանաչելի էր։ Նրանք քնած են եղել։ Տեղից վեր չեն կացել։ Նրանց քնած տեղն են վերացրել։ Իրենց թունավորել են, իրենք մահացած են եղել, նոր բենզինը լցրել են»,- ասում է Արտակ Ասրյանը։
Հիշեցնենք, որ փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ հունվարի 19-ին ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի ժամանակ ներսում եղել է 21 հոգի, որոնցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։
Ասել է նաեւ, որ հիմնականում այրվել է նախասրահը, դրա համար զինվորները փորձել են մյուս կողմից փլուզել պատը եւ օգնության հասնել ներսում մնացած զինվորներին։ Մինչեւ փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից, որոնցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։
«Մենք միանշանակ այն կարծիքին ենք, որ երեխաները քնած են եղել։ Բենզին լցնելու վարկածին չեմ հավատում»,- ասում է Ռոստոմի մայրը՝ Վարդ Ասրյանը։ Նա չի կարող հասկանալ, թե ինչպես կարող է հասուն տղամարդը, սպան 5 լիտրանոց բենզինի տարան մոտեցնել վառարանին ու փորձել կրակ անել։
«Մենք ապրում ենք գյուղում։ Ձեզ մի հասարակ բան ասեմ։ Եթե վառարանն օրվա մեջ վառվում, երեկոյան հանգում է, մոխիրը մի քիչ առաջ ես բերում, մի երկու թուղթ ու փայտ ես դնում, թեկուզ բարակ, ու հնարավոր չէ, որ դա չկպնի։ Բենզինով ոչ ոք փեչ չի վառում, էն էլ 5 լիտրանոց բալոնով։ Բոլորը գիտեն, որ դա կյանքի համար վտանգավոր է, իսկ նա հասուն տղամարդ է եղել, սպա»։
Վարդ Ասրյանը սեփական փորձից համոզվել է, որ վառարան վառելիս եթե անգամ մատդ է այրվում, այնպես ես գոռում, որ հազիվ թե սենյակում քնած մարդ մնա։ «Փեչը վառվեց, պատուհանները, որոնք այդ սենյակում շատ էին, կոտրեցին, կապիտանը գոռում է, ինչ կարգի անջատված պետք է լինես, որ քնած տեղից չարթնանաս։ Մեր երեխաներին անջատել են, ուղղակի քնեցրել են։ Մեկը մյուսին ձեն կտար, մեկը շորը կհաներ, կգցեր կրակին։
Ո՞նց կարող են 15-18 հոգով, առողջ, ջահել տղամարդիկ այդ տան մեջ քնած մնան»։ Վարդն ասում է, որ իր որդին «սապոգները հագին» պառկած է եղել։ «Գիշերվա 1-ին զինվորը կոշիկներով պառկած է եղել տեղի վրա։ Ի՞նչ կարգի հոգնած պետք է լինես, որ շորերով ու կոշիկներով պառկես մահճակալին»,- ինքն իրեն հարց է տալիս կինը։
Նա հիշում է, որ իր որդին «զզվում էր սապոգներից»։ «Ասում էր՝ ոտքերս ցավացնում է, հոգնեցնում է, աշխատում էր հնարավորինս քիչ դրանք հագնել, լաթերով ման գալ։ Ես բացառում եմ, որ նա քնելուց չհանի սապոգը։ Բայց նրա հայրը տեսել է, որ նա սապոգով պառկած է եղել անկողնում»։
Որդու հետ վերջին անգամ նա խոսել է ողբերգության երեկոյան, ժամը 10-ին։ Դրանից հետո որդին անհասանելի է եղել։ Ողբերգության մասին իմացել է արտերկրում ապրող եղբորից, որը, «վատ բան» լսելով, զանգել է Վարդուհուն եւ խնդրել, որ որդուն զանգի։ Զանգել է, բայց որդին արդեն անհասանելի է եղել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում