Զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին. Վիտալի Բալասանյանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին

Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է, ձեր համար էլ է երեւի ծիծաղելի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին:

«Ոնց եք պատկերացնում, ասենք էսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որ մնա վարչապետ: Ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգը տապալել են։ Սահմնադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող մարդը ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում.,-հայտարարեց Բալասանյանը:

Նա ընդգծեց, որ չի տեսնում, որ բանակը այն ժամանակ մասնակցել է ներքաղաքական կյանքին. «Միգուցե, մասնակցել են ոմանք, բայց էդ հրամանը, ինչի մասին դուք ժամանակ առ ժամանակ ասում եք, այդ հրամաններում այդպիսի բան չկա, 0038 հայտնի հրամանը։

Ժամանակը կգա, բոլորդ էլ կտեսնեք, կասեք ամոթ ա մեզ:  0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, ցանկացած երկրում կգնան դրան: Զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին, դուք զորք տեսե՞լ եք, որ այն ժամանակ կրակում էին»:

Հարցին, թե ով է այդ դեպքում կրակել, Վիտալի Բալասանյանն ասաց, որ ներքին զորքերն են կրակել։

«Բանակը այդպիսի զինատեսակ էլ չունի, այդպիսի զինամթերք էլ չունի, երբեւիցե չի էլ ունեցել, դա ներքին զորքերինն է, ինչի եք խառնում ամեն ինչ»,-ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ասել է, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբրահամյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան, Վիտալի  Բալասանյանն ասաց, որ ամոթ է, չի  կարելի այդպիիսի բաներ ասել։

«Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի այդպիսի բաներ ասել: Մանավանդ էս վերջին ժամանակները մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ որ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար այդ ընտանիքներին գցել են նման  իրավիճակի մեջ: Ամոթ է, չի կարելի նման բաներ անել: Ինչ է նշանակում՝ սպանել են, որպեսզի արտակարգ դրություն մտցնեն: Դուք գիտեք՝ ովքեր արտահայտում են այդ բառերը, կարճ ժամանակից հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու»,-ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե ծիծաղելի՞ է արդյոք, որ կալանավորել են Ռոբերտ Քոչարյանին, կամ մեղադրանք է առաջադրվել մնացած պաշտոնայաններին Մարտի 1-ի գործով, Վիտալի Բալասանյանն ասաց․ «Բերեք բոլորին կալանավորենք, էնտեղ նստենք, հետո ՀՔԾ-ն որոշի՝ ով է մեղավոր, ով մեղավոր չէ: Այսինքն կալանքն ինչ կապ ունի, երբ որ քրեական գործ է հարուցված։

Ես չգիտեմ, ով ինչքանով է մասնակցել, դա քննչական ծառայության գործն է։ Երբ որ էսօր վճիռ չկա, ես ինչպես կարող եմ մարդու վրա մեղք դնել, ասել՝ դուք հատուկ կրակել եք Տիգրան Աբգարյանի վրա, որպեսզի արտակարգ իրավիճակ կամ դրություն մտցվի, մի քիչ ծիծաղելի է»։

Հարցին, թե այսինքն ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը անհի՞մն է կալանավորվել, Բալասանյանն ասաց․ «Ժամանակը կգա, կտեսնենք, չեմ կարող ասել»։

Վիտալի Բալասանյանը հավելեց, որ դատարանը կորոշի, թե ով է մեղավոր Մարտի 1-ի 10 զոհերի համար։

Աղբյուր՝ news.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...