Սպանություն Կոտայքի մարզում․ ննջասենյակում հայտնաբերվել է խեղդամահ արված կնոջ դի
Սպանություն Կոտայքի մարզում․ ննջասենյակում հայտնաբերվել է խեղդամահ արված կնոջ դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09։10-ի սահմաններում Աբովյանի շտապօգնությունից ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի նրբանցքներից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոնյանը։ Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խաչատուրյանը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են նույն տան բնակչուհի 78-ամյա Մ․Ն․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինս մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։
Ոստիկանները սահմանազատել են տարածքը և տեղում կատարել են ուժեղացված ծառայություն, քանի որ սպանության վայրում են գտնվում նաև սպանվածի հարազատները։
Համայքնային ոստիկաններին հաջողվել է կրքերը հանդարտեցնել, ինչից հետո տեղում աշխատում էր Աբովյանի քնչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սերյոժա Սեդրակյանի և Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հ․ Չալաբյանի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մինչ դեպքի վայրում դատաբժիշկը աշխատում էր, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ և սպանությունը կատարելու կասկածանքով Կոտայքի մարզում հայտնաբերել ու ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Խ․Մ-ին, ում այնուհետև ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ վերջինս քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ, ձերբակալվել է։
Սպանության վայրում հավաքված սպանվածի հարազատներն ու հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․
«Զայրացած ու զարմացած ենք, թե ինչպես է նրա ձեռքը գնացել անկողնում պառկած մեծահասակ կնոջը խեղդամահ անելով, սպանել։ Առավոտյան ենք իմացել, երբ շտապօգնության ավտոմեքենան մտավ փողոց։ Կարծեցինք, թե ինչ-որ մեկը վատացել է։ Բայց րոպեներ անց իմացանք, որ տեղի է ունեցել զարհուրելի սանություն։
Ու արդեն մտածում էինք, թե ով է մարդասպանը, ու արդյո՞ք միլիցեքը ու քննիչները կբռնեն։ Բայց հալալ ա։ Դեռ դիահերձարանից չէին եկել մահացածի մարմինը տանելու, իմացանք, որ միլիցեքը բռնել են։
Ու հիմա գոնե կիմանանք, թե ով է մարդասպանը»։