Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին

Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին

Այսօր` մարտի 14-ի առավոտյան ռուսական զորքերն օդային հարվածներ են հասցրել Կիևին, Ռովնոյին և Ժիտոմիրի շրջանին, գրում է Korrespondent-ը:

Արկերից մեկը հարվածել է Կիևի Օբոլոնսկի թաղամասի 9 հարկանի շենքին։ 4 հոգու հաջողվել է փրկել. որոնողական աշխատանքները շարունակվում են։

Սումիի մարզի Ախտիրկա քաղաքի գիշերային ռմբակոծության հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, այս մասին սոցկայքի իր էջում հայտնել է քաղաքապետ Պավել Կուզմենկոն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձում կրկին հիշեցրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի երկինքը փակելու անհրաժեշտության մասին:

«Անցյալ տարի զգուշացրել էի ՆԱՏՕ-ին. եթե Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ պատժամիջոցներ չլինեն, նա կպատերազմի։ Մենք ճիշտ էինք… Կրկնում եմ` եթե չփակեք մեր երկինքը, ապա ժամանակի հարց է, թե երբ ռուսական հրթիռները կհայտնվեն արդեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»,- ասել է նա: