Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 099-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Վահե Հակոբյանն էր, տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս բերելու համար  ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Կապանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին,  սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, ովքեր այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում:

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատակնիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի վարորդի  ինքնությունը: