«Շնորհակալ եմ գեներիս մոդելային կազմվածքիս համար»․ գեղեցկուհի Հայկուհի Մաթևոսյանի նոր ֆոտոշարքն ու հարցազրույցը

«Շնորհակալ եմ գեներիս մոդելային կազմվածքիս համար»։ «Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսակիր Հայկուհի Մաթևոսյանն ապագա իրավագետ է։ Իր կառուցվածքի մասին խոսելիս ասում է` 1.77 սմ հասակ ունի, 57 կգ է կշռում, չափսերն էլ` 90-60-90 են, իսկ ահա իրեն որպես մարդ բնութագրելիս նշում է՝ նպատակասլաց ու բարի է։

Գեղեցկուհու տիտողոսը նվաճելուց հետո Հայկուհին լուսանկարվել է Tert.am Life-ի ֆոտոշարքում և պատմել տիտղոսը կրելու պատասխանատվության, այս ընթացքում էլ ավելի ուժեղ դառնալու ու հաղթանակին ընտանիքի անդամների արձագանքի մասին։

Հայկուհի Մաթևոսյան

Հայաստանի գեղեցկուհու տիտղոսը կրելն այդքան էլ հեշտ չէ

Նրա հաղթանակը թե՛ ողջունողներ, թե՛ բուռն քննադատողներ եղան։ Մեղադրողներին Հայկուհին պատասխանել չի ցանկանում, ասում է` ապագայում դեռ շատ կարծրատիպեր կկոտրի։

«Ես ոչինչ չունեմ նրանց մասին ասելու, որովհետև իրենք ամեն ինչ ասել են` իրենց խոսքով ու պահվածքով։ Այդ բուռն քննադատություններն ինձ համար, բնականաբար, անսպասելի էին, սակայն կողքիս այնքան շատ դրական մարդիկ կան, որ ես ուշադրություն չդարձրի այդ ամենին։ Նման կարծիքներն ինձանից որևէ բան չեն վերցրել, հակառակը՝ բացասական կարծիքներն ինձ ավելի ուժեղ են դարձրել»,– ասաց նա։

Հայկուհու խոսքով` ընտանիքի անդամներն ուրախացել են իր հաղթանակով, իսկ քննադատությունների ժամանակ աջակցել են նրան․ «Ընտանիքս սպասում էր իմ հաղթանակին։ Ինչ վերաբերում է քննադատություններին, նրանք ինձ ասում էին, որ ուշադրություն չդարձնեմ դրանց։ Գուցե ինչ–որ պահի բացասական կարծիքներն ազդել են տրամադրությանս վրա, բայց ինքնագնահատականիս վրա՝ երբեք»։

Հայկուհի Մաթևոսյան

Ըստ Հայկուհու` յուրաքանչյուր մրցույթի մասնակցելու նպատակը մեկն է՝ հաղթել, ինչն իր մոտ այս անգամ ստացվել է։ ««Հայաստանի գեղեցկուհու» տիտղոսը կրելն այդքան էլ հեշտ չէ։ Ես հպարտ եմ, որ ես եմ արժանացել այդ տիտղոսին։ Արդեն ստացել եմ բավականին լուրջ առաջարկներ և, գրեթե, ամեն օր նկարահանումների եմ լինում՝ օրս շատ հագեցած է անցնում։ Չնայած ազատ ժամանակ, գրեթե, չեմ ունենում, ունենալու դեպքում փորձում եմ հնարավորինս շատ լինել ընտանիքիս հետ»,– շեշտեց նա։

Ներկայումս սովորում եմ այնտեղ, որտեղ ցանկություն ունեի սովորելու

Իր տեսակի ու ներաշխարհի մասին խոսելիս Հայկուհին առանձնացրեց այն հատկությունները, որոնք ինքը կարևորում է․ «Զգացմունքային եմ՝ աշխարհը տեսնում եմ շատ խորն ու իմաստավորված։ Սիրում և գնահատում եմ գեղեցիկը»։

Մոդելային ոլորտում առաջին քայլերն անող 19-ամյա աղջիկը վստահեցնում է՝ մոդելային արտաքինը բնական է` առանց կոսմետիկ միջամտության։ Ինչ վերաբերում է մոդելային կազմվածքին, նա ասաց․

«Շնորհակալ եմ գեներիս, սակայն սպորտով էլ եմ զբաղվում։ Տասը տարի զբաղվել եմ պարով, ավարտել եմ նաև երաժշտական դպրոց։ Ներկայումս ես սովորում եմ այնտեղ, որտեղ ցանկություն ունեի սովորելու՝ Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում»,– ասաց նա ու հավելեց, որ մեծ կարևորություն է տալիս կրթությանն ու ինքնակրթությանը, ասում է` դպրոցական տարիներին օրինակելի աշակերտուհի է եղել։

Հայկուհի Մաթևոսյան

Այն, որ մոդելներն այնքան էլ չեն փայլում ինտելեկտով, ըստ Հայկուհու, սխալ ձևավորված կարծիք է։

«Ժամանակի ընթացքում կերևա, թե ինքս ինչպես կկոտրեմ այդ թյուր կարծիքը։ Կան շատ ծրագրեր, նախագծեր, որոնց մասին շուտով կիմանաք»,– ասաց նա։

Աղբյուր՝ tert.am