Մամուլ

Յուլիա Ֆինեսը ցատկել է քննչականի զուգարանի պատուհանից

Յուլիա Ֆինեսը ցատկել է քննչականի զուգարանի պատուհանից

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվող նախաքննության շրջանակներում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ձերբակալված անձի և նույն քրեական վարույթով տուժող, ՌԴ քաղաքացի Յու․ Մաքսիմովսկայայի (Յուլիա Ֆինես) միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից հետո՝ ժամը 21:30-ի սահմաններում, Յու. Մաքսիմովսկայան (Յուլիա Ֆինես) խնդրել է գնալ զուգարան։

Վերջինիս քննիչը ուղեկցել է քննչական բաժնի աղջիկների համար նախատեսված զուգարան և սպասել դռան դիմաց:

Մտնելով ներս՝ Յ. Մաքսիմովսկայան (Յուլիա Ֆինես) զուգարանում առկա փոքր պատուհանից փորձել է դիմել փախուստի և ընկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության՝ ձերբակալված անձանց պահելու վայրի զբոսանքի համար նախատեսված հատվածում առկա ցանցե տանիքին՝ ստանալով մարմնական վնասվածք: Յու.Մաքսիմովսկայան (Յուլիա Ֆինես) տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Համաձայն բժշկական հաստատությունից ստացված տեղեկանքի՝ վերջինիս մոտ ախտորոշվել է L2 և L3 ողերի մարմինների կոմպրեսիոն կոտրվածք: 

Դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական  բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-506-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի վարույթում քննվող քրեական վարույթով, որը նախաձեռնվել էր դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կենտրոնում՝ Թումանյան և Մաշտոց փողոցներում, ՌԴ երկու քաղաքացիների կողմից առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ, Յու․ Մաքսիմովսկայան (Յուլիա Ֆինես) ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե

Կիսվել