ՄամուլՄշակույթ

Մահացել է Ալեքսանդր Թոփչյանը

Մահացել է Ալեքսանդր Թոփչյանը

Հայաստանի գրողների միությունը հայտնում է․

«Այսօր՝ 82 տարեկան հասակում կյանքից հեռացավ անվանի արձակագիր, բազմաթիվ գրքերի թարգմանիչ, գրաքննադատ , գրականագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր,«Մովսես Խորանացի» մեդալակիր Ալեքսանդր Թոփչյանը։

Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ալեքսանդր Թոփչյանի հարազատներին»։

Ալեքսանդր Թոփչյանը ծնվել է 1939 թ․ սեպտեմբերի 7-ին, Երևանում, ՀՀ գրողների միության անդամ է 1970 թվականից։ Սովորել է Երևանի Խանջյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցում։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։

1962–1963 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» պարբերականում, 1963–1965 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչությունում, 1966–1975 թվականներին՝ «Գարուն» ամսագրում, 1975–1988 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982–1989 թվականներին՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, որպես Գրական բաժնի վարիչ, 1991–1995 թվականներին՝ ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում։

topchyan

1960–1980 թվականների ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական տարբեր հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում են բերել։ Իր գրական գործունեության համար արժանացել է բազմաթիվ մրցանակների։                            

Հեղինակ է բազում թարգմանությունների ֆրանսերենից և ռուսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Ապոլիների, Պրևերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի, Դենի դը Ռուժմոնի և այլոց գործերը։

Հրատարակել է 500-ից ավելի գրականագիտական հոդված մամուլում՝ նվիրված արդի գրականության հարցերին։ Ալեքսանդր Թոփչյանի խմբագրական և հրատարակչական գործունեության շնորհիվ լույս են տեսել Ռուբեն Սևակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև հայ գրողների ժողովածուներ և անթոլոգիաներ այլ լեզուներով։                         

Ալեքսանդր Թոփչյանը հեղինակ է նաև մի շարք գեղարվեստական երկերի, որոնք լույս են տեսել հայերեն և օտար լեզուներով։ Դրանց թվում են «Կիրկե կղզին» (Երևան, 1996), «Եվ անգամ մահից հետո» (Ռուբեն Սևակի մասին, Երևան, 2005) և «Բանկ Օտոման» (Երևան, 2008, ռուսերեն՝ Մոսկվա, 2012 թ., և ֆրանսերեն՝ Փարիզ, 2012 թ․) վեպերը։

Կիսվեք էջում