«Հուսով եմ` մի օր Հայաստանն Ամերիկայից էլ մեծ երկիր է դառնալու». Արաբ բլոգերը չի ուզում հեռանալ Հայաստանից

Մի քանի օր է` Հայաստանում քննարկվում է վլոգեր Nas Daily-ի` Նուսեիր Յասինի այցը, որը հայտնի է իր 1 րոպեանոց հոլովակներով։ Ճամփորդ-վլոգերը, որն ունի ավելի քան 161 հազար հետևորդ Ինստագրամում և 7 միլիոն բաժանորդ Ֆեյսբուքում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում երեկ հանդիպում ունեցավ երիտասարդների հետ, զրուցեց նրանց հետ, պատմեց հաջողության իր բանաձևի մասին։

Tert.am Life-ը ներկայացնում է հանդիպման հետաքրքիր դրվագները։ Վլոգերը, որն օրերս կոչ էր արել հայերին ավելի շատ անգլերեն սովորել, այս հանդիպման ժամանակ հաճելիորեն զարմացավ։ Նրան հարցեր էին ուղղում անգլերենով, զրույցի ընթացքում թարգմանչի կարիք չզգացվեց։

Ինչպես և կարելի էր ենթադրել, նա եկել էր իր տեսախցիկով, նկարահանում էր այն, ինչ իրեն հետաքրքրում է։ Ամենուր տեսախցիկով հայտնվող երիտասարդը հենց այսպես էլ հայտնի դարձավ իր լսարանին` նկարահանելով իրեն հետաքրքրող ամեն բան։ Հայաստանի ցայտաղբյուրներով տպավորված վլոգերը սկսնակներին խորհուրդ տվեց չկենտրոնանալ այն ամենի վրա, ինչն արդեն ներկայացված է։

Nas Daily-ն շեշտում է հաջողության իր բանաձևը` խնայել ժամանակը, նպատակներ սահմանել ու գնալ դրանց հետևից. «Ձեզ համար նպատակներ սահմանեք ու հասեք դրանց։ Ձեր կյանքը ձեր ձեռքերում է։ Պետք է ապրեք այն, որքան հնարավոր է»։ Վլոգերի խոսքով` տեսահոլովակներ է պատրաստում այն երկրների մասին, որոնք իսկապես դուր են գալիս իրեն։ Հայաստանից ամեն օր 1 րոպեանոց հոլովակներ հրապարակող Nas Daily-ն այսպիսով էլ փաստում է, թե որքան է սիրել Հայաստանը։ Ավելին` ասում է, որ հեռանալ չի ուզում։

«Երբ Երուսաղեմում էի, անընդհատ լսում էի, որ այն բաժանված է երեք ժողովուրդների` հայերի, հրեաների և մուսուլմանների միջև։ Երբ Թուրքիայում էի, իմացա, որ Հայաստանը հարևան երկիր է, որոշեցի գալ այստեղ»,– պատմեց Նուսեիրը, որն արմատներով Իսրայելից է։

Վլոգերը նկատեց, որ ինքը փնտրում է հետաքրքիրը։ «Եթե գտնում եմ հետաքրքիր մի բան, ինձ այլևս չի հետաքրքրում, թե ինչ վատ բաներ կան տվյալ երկրում։ Յուրաքանչյուր տեղ էլ կարող ես գտնել վատը,- ասաց վլոգերը, ապա հավելեց,– Չեմ ուզում գնալ այստեղից։ Հուսով եմ` մի օր Հայաստանն Ամերիկայից էլ մեծ երկիր է դառնալու»։

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...