ՀՀ-ում բոլոր խնդիրների լուծման բանալին գիտելիքն է. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

ՀՀ-ում բոլոր խնդիրների լուծման բանալին գիտելիքն է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում մասնակցեց շրջանավարտների դիպլոմների հանձնման տոնական միջոցառմանը։

Շնորհավորելով շրջանավարտներին՝ վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ նման համալսարանի գոյությունը Երևանում լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ ունեցած պատկերացումների հետ։

«Համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն մեր երկրում, ունեն լուծման մեկ բանալի, և այդ բանալին գիտելիքն է։ Նման համալսարանները Հայաստան են բերում գիտության, կրթության, հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ։ Եվ այդ փորձի առկայությունից օգտվելը մեզ ու մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը  շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռության և աջակցության համար, ընգծելով, որ նման համալսարանները հնարավորություն են տալիս ընդլայնելու մտահորիզոնը։

«Բազմիցս ասել եմ, որ ՀՀ քաղաքացիները, որպես ռազմավարական տեսլական, առնվազն պետք է տիրապետեն մի քանի օտար լեզուների, և այս շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն։ Ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը մեզ ոչ միայն հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, այլև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը  խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ համալսարանի առաջին շրջանավարտներն իրենց դիպլոմները ստանում են Նոր Հայաստանում, քանի որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները կատարվում են երիտասարդների աջակցությամբ և մասնակցությամբ։

«Դուք ձեր նպաստն եք բերելու հայ-ռուսական հետագա հարաբերությունների զարգացմանը, որն ինչպես Հայաստանի համար ունեցել է ռազմավարական նշանակություն, այնպես էլ ունի և պետք է ունենա ռազմավարական նշանակություն։  Ուզում եմ ձեզ հաջողություն մաղթել մեր հայրենիքի զարգացման և շենացման գործում, համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը շատ ծանոթ է մեր հայտնի կարգախոսին, և այսօր առավել ևս պետք է իմանաք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այս մեկ մարդը ձեզանից յուրաքանչյուրն է»,- ասաց վարչապետը։