Մամուլ

Կրակոցներ․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 6-ին, ժամը 18։15-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ բազկոսկրի ստորին երրորդի փակ սպիրալաձև կոտրվածք տեղաշարժով» «Ստեփանավան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Հ․-ն է։

Պարզվել է նաև, որ նույն օրը ՀՀ Արդարադատության նախարարության քրեական ծառայության վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ ՀՀ նախկին քր.օր.-ի 175 հոդ. 2-րդ մասի 1-ի և 4-րդ կետերով դատապարտյալ 32-ամյա Հարություն Ս․-ն տեղափոխվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայր՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու նպատակով դատական նիստին, որի ավարտից հետո դատարանի հատուկ ելքով շենքից դուրս բերելիս հատուկ տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու ընթացքում նա դիմել է փախուստի։

Ուղեկցող խմբի կողմից ձեռնարկված գործողությունների ժամանակ խմբի անդամ 37-ամյա Գևորգ Հ․-ի կողմից կատարվել է երկու նախազգուշական կրակոցներ, որի արդյունքում կանխվել է Հարություն Ս․-ի փախուստը, իսկ խմբի մյուս անդամ Ռոման Հ․-ն փախուստի փորձը կանխելիս վայր է ընկել և ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։

Կիսվեք էջում