Կառավարությունը հայտարարել է ձմեռային զորակոչի մասին

Կառավարությունը հայտարարել է ձմեռային զորակոչի մասին

ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է՝ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչեւ 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ ՀՀ արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչ հայտարարելու մասին որոշումը։ 

Զորակոչի ենթական են նրանք, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչեւ 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները։

ՀՀ պաշտպանության նախարարը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում կընդունի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչի անցկացման եւ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման։

Դրանում կնախատեսվի, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2021 թվականի փետրվարի 8-ից մինչեւ 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ։ Իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2021 թվականի հունվարի 7-ից մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ։

2020 թվականի ձմեռային զորակոչից խուսափող`ՀՀ քաղաքացիների տվյալները կուղարկվեն ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առաջարկվել է շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաեւ այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը: