Մամուլ

Ծեծկռտուք Երևանում հայտնի «Մյուզիք Հոլ» ակումբում․ վիրավորների մեջ են ՌՈ բարձրաստիճան ծառայողներ

Ծեծկռտուք Երևանում հայտնի «Մյուզիք Հոլ» ակումբում․ վիրավորների մեջ են ՌՈ բարձրաստիճան ծառայողներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 29-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող «Մյուզիք Հոլ» ակումբում վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։

Պարզվել է, որ նշված ակումբի ներսում հաճախորդների և անվտանգության աշխատակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ծեծվողների մեջ են եղել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները, ծեծկռտուքի մասնակիցների և վիրավորների ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել ռազմական ոստիկանության ծառայողների «լկտի պահվածքի» պատճառով։ Իսկ անվտանգության աշխատակիցները մի քանի անգամ նրանց հորդորել են, որպեսզի իրենց պարկեշտ պահեն, ինչը դուր չի եկել նրանց։

Կիսվել նյութով