Մամուլ

Խուզարկել են Գագիկ Ծառուկյանի տունը

«Առավոտի» տեղեկություններով, նախօրեին Քննչական կոմիտեն խուզարկել է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տունը: Խուզարկությունը տեւել է մի քանի ժամ:

Խուզարկությունը պայմանավորված է եղել հունվարի 29-ի գիշերը Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով:

Հիշեցնենք, այս պատմության մեջ ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո)  որդուց ու նրա հարազատներից բացի, ներգրավված է եղել նաեւ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: Թեեւ Գագիկ Ծառուկյանի խոսնակը, ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր Նվեր Ծառուկյանի մասնակցությունն այս միջադեպին:

Aravot.am-ը փորձեց Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին տեղեկությունը ճշտել ՀՀ քննչական կոմիտեից: Մեր հարցմանն ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին, որ այդ գործով շուրջ 20 խուզարկություն է իրականացվել`չհստակեցնելով Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության փաստը:

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ մեզ հետ զրույցում խոստացավ ավելի ուշ հարցին պատասխանել: Պատասխանի առկայության դեպքում այն կհրապարակենք:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել նյութով