Ի՞նչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը. «սառույցը» կոտրվո՞ւմ է

Ի՞նչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին: Նրանք քայլել են այգում, զրուցել սրճարանում: Համենայնդեպս, ԶԼՄ-ներում տարածված լուսանկարները խոսում են բավականին կառուցողական մթնոլորտում տեղի ունեցած զրույցի մասին։

Այս հանդիպումը մի քանի առումով նշանային է ու առնվազն խորհրդանշական իմաստով կարող է ազդարարել հետհեղափոխական ադապտացիոն փուլի ավարտը։

Բանն այն է, որ անցած տարի գարնանը Հայաստանում փոփոխությունների գործընթաց, մեծ հաշվով, նախաձեռնել էին Նիկոլ Փաշինյանի շարժումը՝ ակնկալելով հանրության ուժեղ աջակցությունը, ու այսպես կոչված՝ ռուսաստանահայ օլիգարխիան, որը խաղադրույք էր կատարել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վրա ու փորձում էր հասնել նրա վարչապետությանը կամ նվազագույն դեպքում մեծացնել իր դերակատարությունն ու կշիռը Հայաստանի նախկին համակարգում։

Երկրորդ գործընթացի գեներացման հարցում մեծ դերակատարություն ուներ «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը, որն ըստ էության Կարեն Կարապետյանի տնտեսաքաղաքական հովանավորն էր՝ ռուսահայ կապիտալին միավորող Ներդրումների ակումբով։ Մինչև ընդհուպ Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ այս երկու խմբերը նույնիսկ բնական դաշնակիցներ էին, եթե անգամ նրանց միջև չի եղել ոչ մի պայմանավորվածություն։

Ապրիլի 23-ից հետո, երբ հրաժարական տվեց Սարգսյանը, իրավիճակը միանգամից փոխվեց, ու երեկվա պոտենցիալ «դաշնակիցները» դարձան մրցակիցներ, ավելի շուտ՝ մի կողմից հասարակությունն էր՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով, մյուս կողմից՝ մոսկովյան որոշ շրջանակների ցանկությունը, որը ենթադրում էր Հայաստանում ռուսական տոտալ ազդեցության պահպանում՝ Հայաստանի «աբխազացման» ճանապարհով։ Համաժողովրդական հուժկու շարժումը ու Մոսկվայի ցայտնոտը վերջինիս ստիպեցին նահանջել, որը, սակայն, խորհրդանշեց Կարեն Կարապետյանի ու նրան սատարող «ներդրողների» հեռացումը Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքից։

Հեղափոխությունը ծնեց նոր իրողություններ ու նաև՝ ինստիտուցիոնալ գրեթե անխուսափելի ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում, ինչը ենթադրում էր, որ ռուսահայ կապիտալը «սառեցնում» է իր ներկայությունը Հայաստանի տնտեսական կյանքում։ Մի կողմից՝ հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամը չի կարող թույլ տալ, որ ռուսական կապիտալը՝ թեկուզև հայկական ծագմամբ, նշանակալի ներդրումներ իրականացնի Հայաստանում, մյուս կողմից՝ ռուսաստանահայ կապիտալն ավանդապես կապված է Հայաստանի հին համակարգի հետ ու հետևաբար իրեն «յուրային» չի կարող համարել հետհեղափոխական միջավայրում։

Նիկոլ Փաշինյան Սամվել Կարապետյան

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Կարապետյանի երեկվա հանդիպումը նշանային է ու կարող է վկայել այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում «սառույցը» կոտրվում է։ Բոլոր դեպքերում՝ Սամվել Կարապետյանը Հայաստանի տնտեսական կյանքում ակտիվ դերակատար է, մյուս կողմից՝ ռուսաստանահայ կապիտալը կարող է կարևոր դեր խաղալ հռչակված տնտեսական հեղափոխության գործընթացում։

Անցած մեկ տարվա փորձը ցույց տվեց, որ արևմտյան կառույցները չեն շտապում մեծ առատաձեռնություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ, ու դա հետևանք է նաև Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության, որը հայկական հեղափոխության «առանձնահատկության» թմբկահարումով դրա հետևանքները լոկալացրեց բացառապես ներքին քաղաքականության մակարդակում։

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ Փաշինյանը փորձում է, այսպես ասած, հավասարակշռել իր քաղաքականությունը Սփյուռքի հարցում։ Սա ոչ միայն ներհայկական խնդիր է, այլ նաև ունի հստակ արտահայտված արտաքին քաղաքական համատեքստ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար է նշանակել Գլենդելի քաղաքային խորհրդի նախկին նախագահ Զարեհ Սինանյանին: Սա Փաշինյանի բացառիկ հաջողված կադրային նշանակումներից մեկն է, մյուս կողմից՝ Սինանյանը ամերիկահպատակ է, ինչը որոշ հարցեր կարող է հարուցել Մոսկվայում, ու այս համատեքստում կարևոր են դառնում Փաշինյանի կառուցողական ու շահագրգիռ հարաբերությունները ռուսահայ կապիտալի հետ։

Աղբյուր՝ 1in.am