Օգտակար

Ի՞նչն է ներկայիս սերնդի մեծաքանակ անպտղության և վիժման պատճառը․ պարզաբանում է բժիշկը

Ի՞նչն է ներկայիս սերնդի մեծաքանակ անպտղության և վիժման պատճառը․ պարզաբանում է բժիշկը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Հայաստանում անպտղությունը կազմում է 18 տոկոս:

Երեւանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը նշում է, որ այս թիվը փոքր չէ Հայաստանի համար:

Բժիշկն անպտղության սկզբնական պատճառները տեսնում է 90-ական թվականներում:

Նշում է, որ սա մութ ու ցուրտ տարիների սերունդն է: Իսկ առհասարակ անպտղության առաջին պատճառը սեռավարակներն են, իսկ սեռավարակների տարածման հիմնական մեղքը բժիշկը բարդում է արտագնա աշխատանքներից վերադարձողների վրա:

Պողոսյանը ցավով նշում է, որ սեռավարակները հիմնականում չեն առաջացնում ծանր կլինիկական փոփոխություններ, որպեսզի հիվանդը դիմի բժշկի:

«Օրինակ նույն օրեոպլազման, որն առաջացնում է չբերություն կամ վիժումներ, անցնում է սեռական հարաբերությունների ժամանակ:

Հետո մոտ մեկ շաբաթ սկսում է հաճախամիզություն, նմանվում է ցիստիտի, բայց ցիստիտ չի ու 5-6 օր հետո անցնում է եւ մարդն իրեն լավ է զգում:

Այդ թվացյալ առողջ վիճակը բերում է նրան, որ բժշկի չեն գնում, հետ տեսնում են, որ մեկ ամիս, երկու, երեք, մեկ տարի է երեխա չկա:

Գալիս են բժշկի, պարզվում է այդ հիվանդությունն ունեն», – նշում է Պողոսյանը:

Գաղտնիք չէ, որ սեռավարակների տարածման միջոց են հանդիսանում նաեւ լողավազաններն ու շոգեբաղնիքները:

Այսօր որքան էլ խոսվում է լողավազանների սանիտարահիգիենիկ լավ վիճակի, հաճախակի ու տարբեր հավելումներով ջուրն ախտահանելու մասին, միեւնույն է վարակի տարածման դեպքեր դեռ գրանցվում են:

«Երկու կույս աղջիկներ դիմել էին մեզ, պարզվել էր երկուսն էլ նույն վարակն ունեին եւ երկուսն էլ հաճախում էին նույն լողավազանը:

Լողավազանները գուցե մշակվում են, բայց սաունաները` ոչ:

Իրենց փոքր լողավազաններում չեն ավելացնում քլոր, որովհետեւ եթե տաք մարմնով մտնես այդ լողավազան, մարմինդ պետք է սկսի ծակծկել, այ հենց այդ ժամանակ էլ ինֆեկցիաները սկսում են տարածվել»,- նշում է Պողոսյանը:

ներկայիս սերնդի

Պողոսյանի խոսքով, անպտղության երկրորդ կարեւոր պատճառը սթրեսն է, իսկ սթրեսի առաջացման պատճառները շատ են` սկսած կենցաղից, վերջացրած միջանձնային հարաբերություններով:

Բժշկի աչքից չի վրիպում նաեւ երիտասարդների այսօրվա հագուկապը:

Բնական կտորներից, ավելի ազատ ու հարմարավետ հագուստների փոխարեն, երիտասարդները նախապատվությունը տալիս են նեղ զգեստներին:

Բժշկի խոսքով, անպտղության մեղքի իրենց բաժինն ունեն այսօրվա նորաձեւ համարվող տաբատներն ու կարճ բլուզները:

Բժիշկը նշում է, որ եթե սեռավարակների ժամանակ տղամարդկանց բուժելը հեշտ է, ապա կանանց դեպքում նույնը ասել չի կարելի:

«Սեռավարակները տղամարդկանց մոտ խփում են սերմին, բայց երբ հանում ես վարակը, սերմը վերականգնելը շատ հեշտ է:

Իսկ կանանց մոտ դրանք առաջացնում են շատ փոփոխություններ. սկսվում են բորբոքային պրոցեսներ, ձվարանի ֆունկցիայի խախտում:

Դրա համար ես կողմ եմ, որ նախօրոք ստուգվեն:

ներկայիս սերնդի

Օրինակ, երբեմն հանդիպում եմ մարդկանց, որ գալիս ու ասում են, որ մինչեւ ամուսնանալը ցանկանում են ստուգվել:

Գիտեք այդ ժամանակ ցանկանում եմ իրենց գրկեմ, համբուրեմ, առանց գումարի այդ բոլոր լաբորատոր ստուգումները թույլ տամ»,- նշում է Պողոսյանը:

Պողոսյանը վստահ է` առողջ զավակ ունենալու լավագույն պայմանը նախապես սեփական առողջության մասին մտածելն է.

«Առաջին հերթին պետք է առողջ ապրելակերպով ապրել, պետք է հագնվել ըստ սեզոնի, պետք է զբաղվել սպորտով:

Որովհետեւ առաջին հերթին ապագա երեխայի համար մաման պետք է լինի առողջ, պապան պետք է լինի առողջ»:

Աղբյուր՝ azatutyun.am

Կիսվեք էջում