Մամուլ

Երևանում պարեկները փրկել են երեխայի կյանքը՝ արագ հասցնելով Արաբկիրի ԲԿ

Երևանում պարեկները փրկել են երեխայի կյանքը՝ արագ հասցնելով Արաբկիրի ԲԿ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական անգամ իրենց գործողություններով ապացուցել են, որ միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել իրենց կարիքն ունեցող քաղաքացիներին:

Bavnews.am-ի հետ զրույցում Ռիմա Կարապետյանը նշեց, որ հունվարի 13-ին՝ ժամը 07։30-ի սահմաններում, 15 կվարտալի մոտակայքից իրենց երեխային՝ Շահինյան Ա․-ին, տեղափոխելիս են եղել Արաբկիրի ԲԿ։

Այդ պահին Երևանի գնդի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նկատել են մեքենան։ Պարեկային ոստիկանության ծառայող Հայկ Բարսեղյանի գլխավորությամբ, Երևանի գնդի պարեկները պարեկային ծառայության մեքենայով մեծ արագությամբ հասցրել են երեխային Արաբկիրի ԲԿ։

«Առավոտյան 7:30 երեխաս քնած էր, ձայնից արթնացա, երեխայիս մոտ հիպոգլիկեմիկ ցնցում էր, արագ հասցրել ենք Աշտարակի ԲԿ։

Բուժքույրը մեզ առաջին օգնություն ցույց տվեց սակայն, քանի որ երեխայիս շաքարը ընկել էր 2-ի բուժքույը հորդորեց շտապ հասցնել Արաբկիրի ԲԿ։

Ես և ամուսինս արագ վերցրեցինք երեխային, ուղեվորվեցինք Երևան, բայց հիվանդանոցի ճանապարհը չգիտեինք։

Հասել ենք 15 կվարտալի մոտ, այդ պահին պարեկների մեքենան մեր առջև դուրս եկավ։ Մեզ նստեցրել են իրենց մեքենան և մեծ արագությամբ հասցրել երեխայիս հիվանդանոց։

Բժիշկը ասեց՝ եթե երեխային շուտ չհասցնեիք հիվանդանոց, էլի ցնցումների մեջ կընկըներ և դա կազդեր ուղեղի վրա»։

Bavnews.am-ի հետ զրույցում Ռիմա Կարապետյանը իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներին և բժշկական անձնակազմին՝ իրենց պարտականությունները պատվով կատարելու համար։

Կիսվեք էջում