Երկու մարդ եկան և քանդեցին Հայաստանը, մեր բոլորի երազանքները՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը և Աննա Վաչիկի Հակոբյանը

Երկու մարդ եկան և քանդեցին Հայաստանը, մեր բոլորի երազանքները՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը և Աննա Վաչիկի Հակոբյանը

Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նրա խոսքով, սակայն, դա ամենամեծ վնասը չէ, որ Նիկոլ Փաշինյանը տվել է։ «Ամենամեծ վնասը, որ Նիկոլ Փաշինյանը պարգևեց Ադրբեջանին, իրենց համար ամենակարևոր բանը՝ ազգային երազանքը։ Ադրբեջանը նորաստեղծ երկիր է, ստեղծվել է փողի և հողի շուրջ։ Այնտեղ հանդիպել են տարբեր էթնոսի մարդիկ, որոնց միավորել է ապրելու վայրը և նավթը։

Ադրբեջանցիներին պակասում էր հաղթանակը, որ նրանք սկսեն դառնալ ազգ։ Նիկոլ Փաշինյանը մեզնից վերցրեց մեր ազգային երազանքը և նվիրեց ադրբեջանցիներին՝ անելով ամենակարևոր թշնամական ակտը։

Վերջին 3 տարիներին, երբ մենք դադարում էինք դառնալ պետություն և վերադարձանք ժողովուրդ կարգավիճակին, նրանք սկսեցին իրենց վերելքը ժողովուրդ կարգավիճակից պետություն ունեցող ժողովուրդ կարգավիճակին»,- ասել է նա՝ նշելով, թե այդ պրոցեսը չի դադարել, և բոլոր նրանք, որոնք ունեն երազանք, որ Ղարաբաղը տալով, Սյունիքի մի մասը տալով, Տավուշի մի մասը տալով՝ մենք կունենանք հանգիստ կյանք, սխալվում են։

Միքայել Մինասյան

«Այդ երազանքն էլ այսուհետ անիրականանալի է, որովհետև ադրբեջանցիները միակ ձևն ունեն՝ շարունակելու դառնալ պետություն և ազգ՝ ընդլայնվել՝ ի հաշիվ մեզ, սնվել մեզանով՝ քաշելով մեզանից ամեն ինչ՝ հողը, կյանքը, և ամենակարևորը՝ մշակույթը։ Դա արեց Նիկոլ Փաշինյանը։ Նա քանդեց բոլորիս երազանքը»,- հայտարարեց Միքայել Մինասյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի երազանքը ևս չիրականացավ։ «Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ կյանք ստել է, տարածել է հերյուրանք, խաբել է, մարդկանց տարել է մահվան, ամեն ինչ արել փառքի և փողի համար․ փողը չի մարսելու, իսկ փառք արդեն չունի, որովհետև Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ չմնա որպես դավաճան, բայց արդեն կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճան է և մնալու է այդպիսին դարերով։

Երկու մարդ եկան և քանդեցին Հայաստանը, երկու մարդ եկան և քանդեցին մեր բոլորի երազանքները՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը և Աննա Վաչիկի Հակոբյանը, նրանք ձեռք ձեռքի բռնած սպանեցին, թալանեցին և մեզ զրկեցին մեր երազանքներից,- հայտարարել է Միքայել Մինասյանը։

Տեսանյութը ստորև