Երկու հոգու կյանք խլած վթար Վարդենիսում․ վիրավոր երեխաները սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Երկու հոգու կյանք խլած վթար Վարդենիսում․ վիրավոր երեխաները սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Գեղարքունիքի մարզի Շատջրեք-Վարդենիս ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխաները շարունակում են բուժվել Հանրապետության միակ մանկական պոլիտրավմայի կենտրոնում:

Չնայած եղանակային վատ պայմաններին ու մառախուղին՝ բուժկենտրոնի բժիշկները երեխաներին սանավիացիայի ուղղաթիռով են տեղ հասցրել: Ամեն վայրկյանը թանկ էր:

Երկու կյանք խլած վթարից 10-ամյա աղջնակը ստացել է գանգուղեղային տարբեր վնասվածքներ, գանգի կոտրվածք, արյունազեղում, թոքերի երկկողմանի սալջարդ, ձախակողմյան թոքի պատռվածք, ողերի կոտրվածքներ, ձախ բազկոսկրի կոտրվածք:

Բուժկենտրոն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, 2-3 աստիճան կոմայով, միացված է եղել արհեստական շնչառության սարքին: Այժմ շնչում է ինքնուրույն, առկա է քիչ, բայց դրական դինամիկա:

Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ստանում է համապատասխան բուժում նաև նյարդավիրաբուժական, կրծքային վիրաբուժական ու վնասվածքաբանական բաժանմունքների մասնագետների կողմից:

6-ամյա տղայի մոտ էլ առկա էր գանգուղեղային վնասվածներ, ուղեղի ցնցում: Նյարդավիրաբուժական բաժանմունքի հմուտ մասնագետների ջանքերի շնորհիվ տղան դուրս է գրվել բուժկենտրոնից: