Երթուղայինի սկանդալային տեսանյութի հեղինակը միջադեպի մասին մանրամասներ է պատմում

Երթուղայինի սկանդալային տեսանյութի հեղինակը միջադեպի մասին մանրամասներ է պատմում։ Shantnews.am-ը զրուցել է համացանցում տարածված երթուղային տաքսու վարորդի հետ վիճաբանած Անի Խաչատրյանի հետ: Նա տեղեկացրեց, որ երթուղային տաքսի է նստել Շինարարներից և պատրաստվում էր գնալ կենտրոն: Վարորդն այդ ընթացքում սկսել է ծխել ու ամբողջ ծուխը պատուհանից ներս է եկել:

Սկզբում Անին խնդրել է հանգցնել ծխախոտը: Նա նշում է, որ հաճախ են լինում դեպքեր, երբ ինքը վարորդներին խնդրում է հանգցնել ծխախոտը, այսքան ժամանակ նման արձագանքի չի արժանացել՝ բոլորն էլ հանգցրել են:

«Ինձ ասաց` չէ, չեմ կարա ու ես սկզբում չլսեցի, թե ինչ պատասխանեց: Հետո նկատեցի, որ չի հանգցրել ու կողքիս կնոջը հարցրի, թե չի հանգցնում սիգարետը, ո՞նց կարելի է չհանգցնել, չէ՞ որ չի թույլատրվում: Այդ կինն ինձ պատասխանում է, թե դե, եսիմ, երևի չի ուզում հանգցնել»,- պատմեց Անի Խաչատրյանը:

Նա հիշեցրել է վարորդին, որ մեքենան անձնական մեքենա չէ ու անձնական տարածք չէ: Այդ խոսքերից հետո վարորդը կանգնեցրել է երթուղայինը և աղջկան ստիպել է իջնել: Անին այդ պահին նկատել է, որ վարորդը շատ ագրեսիվ է իրեն դրսևորել և դրա համար տեսախցիկով սկսել է նկարահանել:

Մյուս ուղևորները սկսել են պաշտպանել վարորդին․ «Դե, լավ, դե հիմա ծխում ա, դու գործ տվո՞ղ ես: Դե, տաքարյուն տղամարդ է»,- ասել են մյուս ուղևորները: